Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ քաղաքի  Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում  նշվել է  Թատրոնի միջազգային օրը

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ Գեղարքունիքի մարզում անցկացվող «Թատերական երկամսյակ» մշակութային նախաձեռնության շրջանակում մարտի 27-ին Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում  մեկտեղվել են  տոնական արարողությունն ու երկամսյակի հերթական ներկայացման բեմադրությունը։

Միջոցառմանը հրավիրված էին մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, կրթամշակութային և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։

Տոնի խորհրդին համահունչ՝ հյուրերը թատրոն մուտք են գործել կարմիր գորգով, հնչել են Հայաստանի Հանրապետության և թատրոնի հիմները։ Այնուհետ տեղի  է ունեցել մրցանակաբաշխություն՝  «Տարվա լավագույն դերասան», «Տարվա լավագույն դերասանուհի»,  «Տարվա լավագույն 2-րդ պլանի դերասան»,  «Տարվա լավագույն 2-րդ պլանի դերասանուհի»,  «Տարվա լավագույն կերպար», «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգերում։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է  Երևանի «Էլ-Մար» նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտի կողմից։

Թատերարվեստի բնագավառում ունեցած ավանդի և Թատրոնի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրերով խրախուսվել են  Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանական անձնակազմի անդամները։

Ընթերցվել է  ՀՀ ԿԳՄՍԵ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, շնորհակալագրեր և հատուկ մրցանակներ են հանձնվել  ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Էլ-Մար» ինստիտուտի կողմից, իսկ «Սպիտակ կամավորական ռազմահայրենասիրական միություն» հասարակական կազմակերպության կողմից հանձնվել են  անվանական կրծքանշաններ։

Մարզում թատերական կյանքի զարգացման, թատրոնի գործունեությանը մշտապես աջակցելու նպատակով Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի տնօրինության կողմից պատվոգիր է շնորհվել  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին։

Միջոցառման ավարտին բեմադրվել է  Հայկ Հակոբյանի «Չմոտենա՛ք ինձ, տիկի՛ն» մեկ գործողությամբ տրագիկոմեդիան՝  ռեժիսոր Արմեն Դալլաքյանի բեմադրությամբ։

Հասմիկ Շահբազյան

0 դիտում