
ՀՀ Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ։
Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով ԿԳՄՍՆ կողմից շինարարական աշխատանքների, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության գնումների իրականացում, ինչի արդյունքում կառուցվի սպորտային համալիր։ Առաջին փուլը կիրականացվի 2026 — 2027 թվականներին։ Համագործակցությունն իրականացվում է «Հիլլզ» բրենդի ներքո մասնագիտացված ծառայություն իրականացնող ընկերության հետ:
Ծրագրի իրականացման երկրորդ փուլում նախատեսվում է միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների ձեռքբերում և կառուցված սպորտային համալիրի ամբողջովին կահավորում։ Նշված շարժական գույքը ձեռք է բերելու ընկերությունը, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից։ Ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն:
Ծրագրի իրականացումը կնպաստի տարբեր մարզաձևերով զբաղվողների թվի աճին և առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը։
Գեղամա աշխարհ