Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում իրականացվող կենսական նշանակության 3 ծրագրերի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 277 միլիոն 492,7 հազար դրամ  

ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 277 միլիոն 492,7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 3 բնակավայրերում  երկու սուբվենցիոն և մեկ առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի համար։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  85 միլիոն 170.3 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքի Արամայիս Ոսկանյան 6, Արամայիս Ոսկանյան 11, Ազատության 1 նրբանցքի  1-ին փակուղի թիվ 2, Ազատության փողոցի թիվ 14 և Մովսիսյան փողոցի  թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգման և արտաքին լուսավորության անցկացման աշխատանքների համար։

162 միլիոն 352.4 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, ինչպես նաև՝ անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։ Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են 2025 թվականի ապրիլից։

Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում 29 միլիոն 970 հազար դրամ  հատկացվել է Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցման համար։

Գեղամա աշխարհ

8 դիտում