
Արդեն բոլորում է 7-րդ ամիսը, ինչ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում աղբահանությունն իրականացվում է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից, միաժամանակ էլ աղբի տեսակավորումը դառնում է հիմնավորված մշակույթ։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքի բոլոր բնակավայրերում տեղադրվել են նոր թափոնամաններ, աղբահանությունն իրականացվում է սահմանված գրաֆիկի համաձայն:
Աղբահանության ծառայությունները մատուցվում են ժամանակին և որակյալ, ինչը ենթադրում է նաև բնակիչների պատասխանատու վերաբերմունք՝ սկսած աղբ թափելու մշակույթից մինչև վարձավճարների ժամանակին վճարումը:
Աղբահանությունից անցում է կատարվում թափոնների կառավարման, որի մասնակիցն ու հասցեատերը դառնում են Սևան քաղաքի բոլոր բնակիչներն ու տնտեսվարողները:
«Սևան քաղաքի մի շարք առանձնատների բակային տարածքներում, քաղաքի փողոցներում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում, ուսումնական և արտադպրոցական հաստատությունների հարակից հատվածներում ավելացել են նաև կապույտ և կանաչ թափոնամանները, որոնք հուշում են, որ սևանցիներն օգոստոս ամսից տեսակավորում են թափոնները:
Սևան քաղաքում սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը կյանքի է կոչվել Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի կողմից, և իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։
Շուրջ 300000 եվրոյին համարժեք դրամի աջակցության շրջանակում Սևանին նվիրաբերվել է եվրոպական արտադրության 1680 թափոնաման և մեկ թափոնատար մեքենա։
Տեսակավորված աղբը սանիտարական աղբավայր է տեղափոխվում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի միջոցով, որին համայնքը արտապատվիրակել է տեսակավորված աղբի հավաքման և տեղափոխման ողջ գործընթացը:
Սևանում ձևավորվում է նոր մշակույթ աղբահանության ոլորտում, ու անչափ կարևոր է յուրաքանչյուրիս վերաբերմունքն ու մոտեցումը նոր մշակույթի որդեգրման ճանապարհին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:
Գեղամա աշխարհ