
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկնարկել և ընթանում են թիվ 3 մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու թիվ 3 մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 250 միլիոն 374 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է շենքի սեյսմիկ ուժեղացում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում, ծածկի ու տանիքի, խաղահրապարակի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման համակարգերի, հատակի կառուցում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, բակային տարածքի կանաչապատում և բարեկարգում։
Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել 300 օրացուցային օրերի ընթացքում։
Մարտունու թիվ 3 մանկապարտեզն իր գործունեությունն այժմ շարունակում է Մարտունու բժշկական կենտրոնի նախկին շենքի տարածքում, որտեղ Մարտունու համայնքապետարանի կողմից ստեղծված են նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պայմանները։
Գեղամա աշխարհ