
Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N1 հիմնական դպրոցի 7-րդ «ա» եւ 7-րդ «բ» դասարաններում իրականացվել է «Ուրախ եւ տխուր Շիրազը» խորագրով ուսումնական նախագիծ, որը ղեկավարել է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մարինե Սահակյանը։
Նախագծային աշխատանքը նվիրված էր հայ մեծ քնարերգու Հովհաննես Շիրազի կյանքին ու ստեղծագործական ուղուն։ Այն կրում էր «Ուրախ և տխուր Շիրազը» խորագիրը, քանի որ վարպետի կյանքը լի էր և՛ լուսավոր ժպիտներով, և՛ խորը ցավերով, եւ նրա կյանքն ու ստեղծագործությունը հենց այդ երկու հակադիր բևեռների միահյուսումն էին։
Բոլորս Հովհաննես Շիրազին գիտենք որպես «ուրախ» Շիրազ, ում սրամտությունն ու գյումրեցի Օնիկին բնորոշ հումորը լեգենդներ են դարձել։ Նա կարող էր դիպուկ պատասխանել ցանկացած խմբագրի կամ պաշտոնյայի։ Նա հպարտ էր, գիտեր իր տաղանդի ուժը և Արագած լեռան պես վեհ էր իր ինքնագնահատականի մեջ։ Սակայն այս ամենի թիկունքում թաքնված էր «տխուր» Շիրազը՝ որբանոցի դաժան պայմաններով անցած, հորը վաղ կորցրած և աղքատության մեջ մեծացած պատանին։ Նրա ամենամեծ տխրությունը սակայն «գերի Մասիսն» էր, որը նա պատգամեց իր որդուն՝ տուն բերել», -նշեց դպրոցի տնօրենը։
Ուսումնական նախագծի շրջանակներում սովորողներն ուսումնասիրել են Հովհաննես Շիրազի բարդ ու բազմաշերտ կյանքի ուղին՝ սկսած Գյումրու որբանոցային տարիներից մինչև համազգային ճանաչում։ Հետազոտությունն ընդգրկել է նրա թե՛ «ուրախ» կողմը՝ սրամտությունն ու հումորը, և թե՛ «տխուր» կողմը՝ զրկանքներն ու հալածանքները։

Ուսումնական նախագիծն իրականացվել է փուլերով, որի ընթացքում աշակերտներն ուսումնասիրել են Հովհաննես Շիրազի կենսագրությունը եւ ապրած ժամանակաշրջանը, ծանոթացել Հովհաննես Շիրազի գրական մականվան պատմությանը, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի եւ հուշարձանի կառուցման մանրամասներին, վերլուծել մեծ բանաստեղծի վերջին պատգամը, քննարկել Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Շիրազի եւ Շուշանիկի ամուսնական կյանքի մանրամասները , ուսումնասիրել նրանց զավակների կյանքը։
Նախագծի իրականացման ընթացքում սովորողները ձեռք են բերել և զարգացրել հետազոտական ու վերլուծական մի շարք առանցքային հմտություններ: Սովորողները սովորել են ինքնուրույն գտնել և օգտագործել տեղեկատվության տարբեր աղբյուրներ։ Նրանք ձեռք են բերել տեղեկություններ հավաքագրելու, դրանք համակարգելու և սեփական տեսակետն արտահայտող նյութեր ստեղծելու հմտություններ։ Սովորողները կատարել են աղբյուրների ուսումնասիրություն, հարցազրույցների վարում և տեղեկատվության հավաքագրում: Կարողացել են զատել Շիրազի կյանքի հակադիր բևեռները՝ հումորն ու դրաման։

«Ուսումնական նախագծի արդյունքում ներկայացվեց սահիկաշար, որն իր մեջ ամփոփում էր բանաստեղծի կյանքի ուղին ու լուսանկարները, տեսահոլովակ, որտեղ Հովհաննես Շիրազը բացահայտվեց ուսուցիչների աչքերով, տեսանյութ, որտեղ արհեստական բանականության շնորհիվ նոր շունչ էր տրվել անմահ բանաստեղծին, եւ թեմատիկ բուկլետներ, որոնք ամփոփ ներկայացնում էին նախագծի հիմնական բացահայտումները։ Նախագծային աշխատանքի ավարտին կատարվեց հանրային ներկայացում, որի ժամանակ մասնակից աշակերտները եւ բոլոր հյուրերը միասին քայլեցին Շիրազի «վարդերով ու շուշաններով» լի աշխարհով, որտեղ յուրաքանչյուր տողի մեջ հայոց լեզուն է և մեր ազգային իղձը։
Անժելա Պողոսյան
Մարտունու Մնաց-Մելիք Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն