Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գործարկվել է Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի վեբ կայքը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մնաց-Մելիք Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում գործարկվել է  նոր, ժամանակակից ու բազմաֆունկցիոնալ վեբ կայքը։ Ինչպես  տեղեկացրեց Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը, կայքը նախագծվել է անձամբ և բացառապես դպրոցի համար, և որպես դպրոցի պաշտոնական կայք՝ այն գործարկվելու ու կառավարվելու է անմիջապես դպրոցի կողմից: Այն կծառայի որպես վստահելի հաղորդակցության կամուրջ կրթօջախի, սովորողների, ծնողների և համայնքի միջև։

Նախագծի ամենատպավորիչ և ոգևորիչ կողմն այն է, որ այս պրոֆեսիոնալ հարթակի հեղինակները դպրոցի 9-րդ  դասարանի սովորողներն են։ Նախագծի գլխավոր նպատակն էր՝ զարգացնել աշակերտների թվային գրագիտությունը, ծրագրավորման հիմնարար հմտությունները և թիմային աշխատանքի կարողությունները։

«Գործընթացը կազմակերպվել է համագործակցային ձևաչափով. յուրաքանչյուր սովորող ունեցել է իր հստակ դերակատարումը՝ ծրագրավորումից ու ձևավորումից մինչև տեքստերի մշակում և նյութերի հավաքագրում։ Աշխատանքի ընթացքում սովորդները գործնականում կիրառել են HTML, CSS և JavaScript լեզուները, ուսումնասիրել վեբ կայքի կառուցվածքը և ձևավորել հարմարավետ, պարզ ու տեսողականորեն գրավիչ միջավայր։

Այս հաջողությունը հնարավոր չէր լինի՝ առանց նախագծի ղեկավար Վարդան Շերմազանյանի։ Նրա մասնագիտական աջակցության, հետևողական աշխատանքի և սովորողների ստեղծագործական ներուժը բացահայտելու շնորհիվ սովորողների նախագիծը վերածվեց իրական, շոշափելի ու գործնական արդյունքի։ Նորաստեղծ հարթակն աչքի է ընկնում իր հարուստ բովանդակությամբ և նորարարական մոտեցումներով։ Կայքն ունի հատուկ բաժիններ՝ նվիրված դպրոցի պատմությանը և անձնակազմին։ Ներդրվել է աննախադեպ մոտեցում՝ անձնակազմի (տնօրինություն, ուսուցիչներ, օգնականներ, տեխնիկական աշխատողներ) անհատական պրոֆիլների ստեղծում, ինչը մեծացնում է վստահությունը դպրոցի հանդեպ։ Կայքն ունի նաև ակտիվ լրահոս և ներդրված որոնման համակարգ, ինչը թույլ կտա արագ և արդյունավետ կերպով տեղեկանալ դպրոցի առօրյային, հաջողություններին, միջոցառումներին և կարևոր հայտարարություններին։ Կայքն ապահովված է ադապտիվ (responsive) դիզայնով, բազմալեզու հնարավորությամբ, իսկ մեղմ գունային համադրություններն ու գեղեցիկ անիմացիաները ապահովում են երկարատև ընթերցման հարմարավետություն։

Մարտունու N1 հիմնական դպրոցի նոր վեբ կայքը պարզապես տեղեկատվական հարթակ չէ. այն սովորողների, ուսուցիչների և դպրոցի ղեկավարության միասնական, ստեղծագործ աշխատանքի փայլուն արդյունք է։ Այն վստահաբար կնպաստի դպրոց-համայնք կապի ամրապնդմանը, թղթային շրջանառության նվազմանն ու կրթօջախի լավագույն ավանդույթների հանրայնացմանը»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը։

Գեղամա աշխարհ

14 դիտում