Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիկում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 32 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն և պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 32 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 3 միլիարդ 472 միլիոն 880 հազար դրամ։

Սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 3 միլիարդ 39 միլիոն 711 հազար դրամ, պետական  ծրագրերով իրականացված աշխատանքների ընդհանուր գումարը՝ 433 միլիոն 169 հազար դրամ։

Վարդենիկ գյուղի վարչական ղեկավար Արմեն Ավետիսյանի ներկայացմամբ՝ իրականացված աշխատանքների արդյունքում 2018-2025 թվականներին կառուցվել է 9610 մետր ոռոգման, 24 հազար մետր խմելու ջրատար ցանցեր, 2 խորքային հոր,  2849 մետր արտաքին լուսավորության ցանց, Արցախյան պատերազմներում զոհված վարդենիկցիներին նվիրված հուշահամալիր, հիմնանորոգվել 15000 գծամետր երկարության ներհամայնքային ճանապարհ, բազմաբնակարան 4 շենքերի տանիքներ, Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճը և երաժշտական դպրոցը, կապիտալ նորոգման է ենթարկվել մանկապարտեզի շենքը։

Վարդենիկի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման և գույքի ձեռքբերման ծրագրի արժեքը կազմել է 410 միլիոն դրամ։ Արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզի շենքը 150 սաների առջև իր դռներն է բացել 2025 թվականի մայիսից։

Մանկապարտեզի շենքը կապիտալ նորոգվել և արդիականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

Գեղամա աշխարհ

3 դիտում