Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի համայնքային գրադարանում «Թումանյանական շաբաթն» անցել է բովանդակալից միջոցառումներով

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի  համայնքային գրադարանում հայտարարված «Թումանյանական շաբաթն» անցել է բազմաբովանդակ միջոցառումներով։

Ինչպես  տեղեկացրեց Գավառի համայնքային գրադարանի տնօրեն Սիրանուշ Խանդանյանը, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված  շաբաթը մեկնարկել է  Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողների և դասախոսների այցով  և համատեղ կազմակերպված Թումանյանի ծննդյան 157-ամյակին նվիրված գրական ցերեկույթով ու գրքերի փոխադարձ նվիրատվությամբ։

Շաբաթվա ընթացքում գրադարանում հյուրընկալվել են  նաև Գավառի Ավ․ Իսահակյանի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները, ովքեր  օրը նշանավորվել են  թումանյանական ընթերցումներով։

«Մայրենի լեզվի օրվա» առթիվ էլ կազմակերպված խաղ-վիկտորինային մասնակցել են  Գավառի  Հովհաննես Թումանյանի անվան թիվ  3 և Գանձակի թիվ 1 դպրոցի աշակերտները։

Թեմատիկ միջոցառումներով հանդես  են եկել  նաև Գանձակի թիվ 1 և Գավառի թիվ 4 դպրոցների աշակերտները։

Գրադարան են այցելել  նաև Գավառ քաղաքի մանկապարտեզների սաները, որոնց համար  կազմակերպվել են  Թումանյանական հեքիաթների ընթերցումներ ու բեմադրություններ։

Մայրենի լեզվին, գրքատոնին և Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված շաբաթն ամփոփվել է «Մայրենիի անաղարտության պահպանումը յուրաքանչյուրի պարտքն է» խորագիրը կրող միջոցառմամբ։ Այն ներկայացրել են  Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները։

«Հովհաննես Թումանյանին ու Մայրենի լեզվին նվիրված միջոցառումները ևս մեկ անգամ փաստեցին, որ մեր կրթական ու նախակրթական հաստատություններում մեծ սեր ու հետաքրքրվածություն կա Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների, ոսկեղենիկ հայերենով մեզ հասած գրական այլ ստեղծագործությունների նկատմամբ»,-ներկայացրեց գրադարանի տնօրենը։

Գեղամա աշխարհ

12 դիտում