Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մեկնարկել են Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Հիմնանորոգվում է Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային նշանակության ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է  97 միլիոն 327 հազար 565  դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 1100 գծամետր երկարությամբ և 5500 քառակուսի մետր մակերեսով։  Կառուցվում է նաև ջրահեռացման համակարգ։

Ճանապարհի հիմնանորոգվող հատվածը Լեռնակերտի նոր կառուցվող դպրոցը կապելու է  Մադինայի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցի և Ներսես Կարապետյանի տուն-թանգարան տանող գլխավոր ճանապարհին։ Ծրագրի շրջանակներում կվերանորոգվի նաև Մադինա և Լեռնակերտ բնակավայրերն իրար կապող կամուրջը, որի շրջակայքում Արգիճի գետի հիասքանչ կիրճն է ու Արմաղան լեռը՝ նույնքան սքանչելի բնապատկերներով։

Ծրագիրն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ զբոսաշրջային կարևոր նշանակություն։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է  «ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ն։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2025 թվականի ընթացքում։

47 դիտում