
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղում հանդիսավորությամբ բացվել է «Հարեհաս» սոցիալ-կրթական կենտրոն, որը թվով չորրորդն է Գեղարքունիքի մարզում և հանդիսանում է համայնքային զարգացմանն ուղղված համակարգային և երկարաժամկետ նախաձեռնության հերթական քայլը։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, «Հարեհաս» կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և համայնքապետարանի ղեկավար կազմը, Լուսակունքի վարչական ղեկավար Վահան Պետրոսյանը, Լուսակունք գյուղի բնակիչներ։
«Հարեհաս» ծրագիրը կրթության միջոցով համայնքների վերածննդի և հզորացման եզակի մոդել է, որի առաքելությունն է՝ բացահայտել և զարգացնել բնակավայրերում ապրող կանանց ներուժը՝ նրանց տրամադրելով ժամանակակից գիտելիքներ, մասնագիտական հմտություններ և առաջնորդության կարողություններ։
«Լուսակունքում բացված նոր կենտրոնը դառնալու է համայնքի կրթական, սոցիալական և զարգացման կարևոր հարթակ, որտեղ կանայք և համայնքի բնակիչները հնարավորություն կունենան՝ մասնակցելու բազմաբնույթ կրթական ծրագրերի, ձեռք բերելու մասնագիտական հմտություններ, զարգացնելու իրենց բիզնես գաղափարները և ձևավորելու կայուն ապագայի հիմքերը։ Կենտրոնում իրականացվելու են համակարգված դասընթացներ՝ ներառյալ մասնագիտական և ձեռնարկատիրական կրթություն, ֆինանսական գրագիտություն և բիզնես նախագծերի մշակում, թվային և տեխնոլոգիական հմտությունների զարգացում, առաջնորդության և համայնքային նախաձեռնությունների ձևավորում, ինչպես նաև ստեղծարար և հոգեբանական զարգացման ծրագրեր»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ