
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի պաշտոնական պատվիրակությանը` քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, պաշտոնական այցը կազմակերպվել էր Գավառ-Նովոռոսիյսկ եղբայր քաղաքների համագործակցության շրջանակներում։
Ռուսական պատվիրակության կազմում էին Նովոռոսիյսկ քաղաքի հայկական ազգային մշակութային «Լույս» ՀԿ-ի նախագահ Վլադիմիր Մխիթարյանը, Նովոռոսիյսկի քաղաքապետարանի և հայկական համայնքի կրթամշակութային, երիտասարդական, հասարակայնության հետ կապերի հարցերով պաշտոնյաներ ու պատասխանատուներ:
Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել պատվիրակության պաշտոնական ընդունելություն, հուշանվերների հանձնում, ներկայացվել է Գավառ համայնքի նկարագիրը, Գավառի համայնքապետարանի ղեկավար կազմի և համապատասխան ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են տուրիզմի, սոցիալական, կրթամշակութային, երիտասարդության, հասարակայնության հետ կապերի և այլ ոլորտներում հնարավոր գործակցության հեռանկարները:
Գուրգեն Մարտիրոսյանն ու Անդրեյ Կրավչենկոն ծաղիկներ են խոնարհել Սամվել Քոչարյանցի պուրակում տեղադրված Լազար Մարկոսի Սերեբրյակովի հուշատախտակին և Սամվել Քոչարյանցի կիսանդրուն:
Այնուհետ այց է կատարվել Գավառի մշակույթի տուն, Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, Գավառի ավագ դպրոց, Արծվաքարում գործող Միաքայելյանների պանրի արտադրամաս, Գանձակ բնակավայրում գործող «Ռուսական կենտրոն» և Գավառի գեղարվեստի դպրոց:
Նովոռոսիյսկի պատվիրակությունը Գավառից հեռացել է գեղեցիկ տպավորություններով և հետագա համագործակցությունների խորոցման ակնկալիքով:
Գեղամա աշխարհ