
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում արդեն հայտնի է «Մասնակցային բյուջետավորում» գործընթացի հաղթող նախագիծը։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրի շրջանակներում համայնքի ակտիվ երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների կողմից ներկայացվել էին 9 ծրագրային առաջարկներ, որոնցից նախնական գնահատման արդյունքում քվեարկության փուլ էին անցել 4-ը։ Քվեարկության արդյունքներով ներկայացված նախագծերը ստացել են հետևյալ արդյունքները՝ «Գավառ համայնքում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգում»՝ 24,321 դիտում , 4,168 հավանում, «Անվտանգ բակ՝ ուրախ մանկություն Կաբելագործների փողոցում»՝ 3,459 դիտում, 251 հավանում, «Ակտիվ երիտասարդություն՝ կենսուրախ համայնքի համար»՝ 612 դիտում, 125 հավանում, «Սերունդների կամուրջ»՝ 661 դիտում , 118 հավանում։
Այսպիսով, հաղթող է ճանաչվել «Գավառ համայնքում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգում» նախագիծը, որը մշակվել է գործընթացի պահանջներին համապատասխան և համայնքապետարանի համապատասխան բաժինների ու մասնագետների կողմից լրամշակումից հետո մինչև մարտի 15-ը կներկայացվի ՀՀ կառավարության լիազոր մարմնին։ Առաջիկայում այն կանցնի իրականացման փուլ։
Գավառ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեից հատկացվել է 15 միլիոն դրամ։
Գեղամա աշխարհ