Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները նախագծային աշխատանք են իրակակացրել «Բնության և տիեզերքի գաղտնիքը» թեմայով

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի  Մ ՄելիքՇահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի  7-րդ դասարանում իրականացվել է «Բնության և տիեզերքի գաղտնիքը» խորագրով հետաքրքիր ուսումնական նախագիծ:

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանի ներկայացմամբ՝ նախագիծը, որը ղեկավարել է մաթեմատիկայի ուսուցչուհի  Գայանե Մհերյանը, նվիրված էր բնության մեջ Ֆիբոնաչիի հաջորդականության և ոսկե հատման կանոնի ուսումնասիրությանը: Վեցշաբաթյա այս ծրագրի գլխավոր հիմնահարցն էր՝ բացահայտել, թե ինչպես է մաթեմատիկական օրինաչափությունը դրսևորվում բնության, արվեստի և ճարտարապետության մեջ: Նախագծին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել 7-րդ դասարանի աշակերտներ Վիկտորյան, Նարեկը, Ռուբենը, Ռուբինան, Գևորգը, Սուրենը և Անահիտը:

«Ուսումնական գործընթացը բաժանված էր վեց հիմնական փուլերի՝ նախապատրաստական թիմային աշխատանքներից մինչև վերջնական արդյունքների հանրային ներկայացում: Տեսական և հետազոտական փուլում սովորողներն ուսումնասիրել են Ֆիբոնաչիի թվերի մաթեմատիկական հիմքերը՝ փնտրելով դրանք արևածաղկի սերմերում, խխունջի պատյաններում և անգամ Պարթենոնի տաճարի կառուցվածքում: Գործնական աշխատանքների ընթացքում աշակերտները կատարել են իրական չափումներ և հաշվարկներ՝ ստուգելու ոսկե հատման՝ 1.618 թվային արժեքի առկայությունը շրջակա միջավայրում: Նախագիծն աչքի է ընկել իր միջառարկայական բնույթով՝  գործնականում կապելով հանրահաշիվը հայոց լեզվի, կենսաբանության, կերպարվեստի և տեխնոլոգիայի հետ:

Աշխատանքի կարևորագույն և նորարարական բաղադրիչներից էր ժամանակակից թվային գործիքների լայնածավալ կիրառումը: Սովորողները ոչ միայն հավաքագրել են անհրաժեշտ նյութեր, այլև ինքնուրույն նկարահանել են բացատրական հոլովակներ և ստեղծել անիմացիաներ՝ կիրառելով արհեստական բանականության  ընձեռած հնարավորությունները: Որպես նախագծի շոշափելի վերջնարդյունք՝ աշակերտների խումբը մշակել և տպագրել է ճանաչողական բուկլետներ, գծագրել Ֆիբոնաչիի պարույրով ուսուցողական պաստառ և պատրաստել ամփոփիչ սահիկաշար: Վերջնական փուլում դպրոցում տեղի է ունեցել ստացված բոլոր արդյունքների ու հետազոտական տեսանյութերի հանրային շնորհանդեսը և պաշտպանությունը»,-ներկայացրեց նախագիծը ղեկավարող ուսուցչուհին՝ Գայանե Մհերյանը:

«Այս ուսումնական նախաձեռնությունը մեծապես նպաստել է սովորողների մոտ մաթեմատիկայի և իրական աշխարհի միջև եղած անքակտելի կապի գիտակցմանը: Բացի մաթեմատիկական և գիտատեխնիկական գիտելիքներից, աշակերտները զարգացրել են նաև մեդիագրագիտության, թիմային համագործակցության և հանրային խոսքի կառուցման կարևոր հմտություններ: Մասնակիցների աշխատանքների գնահատումն իրականացվել է հատուկ մշակված հստակ չափանիշներով՝ հաշվի առնելով և՛ յուրաքանչյուրի անհատական ակտիվությունը, և՛ նյութի գրագետ ու համոզիչ ներկայացումը: Ծրագիրն ապացուցեց, որ անգամ բարդ մաթեմատիկական թեմաները կարող են աշակերտներին մատուցվել շատ պարզ, ստեղծագործական և վիզուալ գրավիչ եղանակներով: Նախագծի արժևորման կարևորագույն արդյունքն այն էր, որ աշակերտներն սկսեցին այլ աչքերով ընկալել բնությունը՝ նկատելով նրա կատարյալ համամասնություններն ու թաքնված մաթեմատիկական գեղեցկությունը: Դա լավագույնս արդարացրեց նախագծի՝ «Բնության և տիեզերքի գաղտնիքը» խորհրդանշական անվանումը»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:

Գեղամա աշխարհ

35 դիտում