Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան  համայնքում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը նշանավորվել է տարաբնույթ միջոցառումներով  

 

Գեղարքունիքի մարզի Սևան  համայնքում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը նշանավորվել է տարաբնույթ միջոցառումներով։

Ինչպես  տեղեկացրին  Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, սեպտեմբերի 21-ին  Սևան համայնքի պետական և համայնքային հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական և կրթական հաստատությունների սաներն ու աշխատակիցները, համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներն ու  ավագանու անդամները՝ Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի և Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանի գլխավորությամբ, այցելել են  Սևանի քաղաքային պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է  մատուցվել  Հայաստանի Հանրապետության Անկախության և հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակին։ Կատարվեց պսակադրում և ծաղկեդրում։

Սևան համայնքի հոգևոր հայրերի կողմից կատարվել է  նաև անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օրհնության կարգ։

Սևանի քաղաքային պանթեոնում տեղի է ունեցել  նաև Սևանի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի հուշաքարի բացման արարողությունը։ Արարողությանը ներկա են եղել  նրա հարազատները, զինակից ընկերներն ու համայնքի ներկայացուցիչները։

Հարգանքի ու հիշատակի արարողություն է  տեղի ունեցել  նաև Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում, ուր տեղադրված է   2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հուշաքարը։

Ծաղկեդրման արարողություններ են անցկացվել նաև Սևան համայնքի բնակավայրերում գտնվող հուշաքարերի և հուշակոթողների մոտ։

Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը  Սևան համայնքում նշվել է մշակութային բազմաբովանդակ միջոցառումներով՝ միավորելով գրականությունը, արվեստը, երաժշտությունն ու պարը։

«Անկախության սերունդը» խորագրով ցերեկույթ է  տեղի ունեցել  «Սևան համայնքի ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում։ Միջոցառումն ուղեկցվել է  թեմատիկ ցուցադրությամբ՝ անդրադառնալով անկախության գաղափարին, դրա արժեքին ու նոր սերնդի մեջ դրա պահպանմանը։

«Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի «Քո անունն է Հայաստան» խորագրով ցուցահանդեսն անցկացվել է  Սևանի մշակույթային կենտրոնում։ Պատանի ստեղծագործողների աշխատանքներում Հայաստանն ու հայրենիքի հանդեպ սերը ներկայացվել են  գույների, կերպարների ու արվեստի լեզվով։

Իսկ Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում տոնական տրամադրությունը շարունակվել է  «Անկախության 35-ամյա ճանապարհը» խորագրով համերգային ծրագրով։

Բեմում հանդես են  եկել  Սևան համայնքի պարային խմբերը և Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները՝ իրենց կատարումներով ու պարային համարներով ներկայացնելով հայկական մշակույթի ողջ հմայքն ու կենսունակությունը։

Միջոցառման ընթացքում ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար միջոցառման մասնակիցները արժանացել են շնորհակալագրերի։

Գեղամա աշխարհ

29 դիտում