
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնից, ուսումնավարժությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզի արտակարգ իրավիճակների մշտական հանձնաժողովի անդամները, մարզի բնակչության տարհանման հանձնաժողովը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գարիկ Հակոբյանը և ստորաբաժանումների ղեկավարները, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Նորատուս բնակավայրի վարչական ղեկավարը։
Ուսումնավարժությունը ղեկավարել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։
Ուսումնավարժության նպատակն էր՝ կատարելագործել մասնակիցների տեսական գիտելիքները անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման և բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև ստուգել խոշոր անտառային հրդեհների առաջացման դեպքում Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանով նախատեսված գործողությունների իրատեսությունը։
Ուսումնավարժության սցենարի համաձայն՝ պայմանական խոշոր հրդեհ էր բռնկվել Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի անտառային տարածքում։
Ուսումնավարժության ռաջին փուլում ներկայացվել են պայմանական հրդեհի առաջացման հետ կապված իրավիճակը, հրդեհաշիջման միջոցառումների գործողությունների ծրագիրն ու ընթացքը, համապատասխան ուժերի ներգրավման անհրաժեշտությունը և հետախուզական տվյալների վերլուծությունը։
Երկրորդ փուլում ամփոփվել են ուսումնավարժության արդյունքները։ Զեկուցումներով հանդես են եկել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզի տարհանման և արտակարգ իրավիճակների մշտական հանձնաժողովների, ինչպես նաև Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչները։
Զեկուցումներից հետո ծավալվել է քննարկում, որի ընթացքում արձանագրվել են ի հայտ եկած թերություններն ու բացթողումները՝ դրանք հետագայում բացառելու նպատակով։
Գեղամա աշխարհ