Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի օրը Գեղհովիտում նշվել է գիտահանրամատչելի միջոցառմամբ

 

Գեղարքունիքի՝ Գեղամա աշխարհի օրը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի մշակույթի տանը նշվել է է գիտահանրամատչելի հանդիպմամբ, որի առանցքում մեր հայրենիքի պատմության, հնագիտական ժառանգության և տեղական հիշողության ուսումնասիրությունն էր։

Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Վազգեն  Պողոսյանի «Գեղհովիտ» գրքում ներկայացված արխիվային փաստագրություններին, տոհմագրական նյութերին և Գեղհովիտի պատմությանը վերաբերող կարևոր վկայություններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կիկլոպյան ամրոցներին՝ որպես տարածաշրջանի հնագույն պատմության կարևորագույն վկայությունների։

Մասնակիցներին ներկայացվել են արխիվային և ժամանակակից լուսանկարներ, որոնց միջոցով փորձ է կատարվել նոր հայացքով դիտարկել մեզ շրջապատող պատմական միջավայրը և հասկանալ, թե ինչ պատմություններ են թաքնված մեր գյուղերի, բլուրների ու հնագույն կառույցների մեջ։

Մարտունու տարածաշրջանում ուսումնասիրված են 22 կիկլոպյան ամրոցներ, որոնցից վեցը գտնվում են Գեղհովիտի տարածքում։ Գեղհովիտի վարչական տարածքում է գտնվում նաև Աստղային քարտեզ- ժայռապատկերը, որը կերտվել է մեզանից ավելի քան 7 հազար տարի առաջ։

«Այս փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Գեղհովիտի և ընդհանրապես Գեղարքունիքի տարածքը դարերի ընթացքում եղել է կարևոր պատմական ու հաղորդակցական հանգույց։ Երբեմն մի ամբողջ պատմություն կարող է պահպանված լինել մեկ բլրի, հին պատի կամ անգամ մի հսկա քարի մեջ։ Այդ պատմությունները բացահայտելու համար անհրաժեշտ է ոչ միայն ուսումնասիրել, այլև հարցեր տալ, համադրել փաստերը և ամենակարևորը՝ փոխանցել այդ գիտելիքը հաջորդ սերունդներին։ Հանդիպման նպատակներից մեկն էլ հենց դա էր՝ սաների համար հայրենի պատմությունը դարձնել ոչ թե միայն դասագրքային գիտելիք, այլ կենդանի ու հետաքրքիր բացահայտումների աշխարհ։ Փորձեցինք նրանց ցույց տալ, որ պատմությունը մեր կողքին է՝ հողի, քարի, հին ճանապարհների, ամրոցների և մեր նախնիների թողած հետքերի մեջ։ Գեղարքունիքի օրը մեզ համար դարձավ երկխոսություն դարերի հետ՝ անցյալը ճանաչելու, ներկան արժևորելու և ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը գիտակցելու ևս մեկ հնարավորություն։»- նշել էլ կենտրոնի աշխատակից Արմինե Հարությունյանը։

Գեղամա աշխարհ

 

11 դիտում