
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում սեպտեմբերի 10-ին հյուրընկալվել է վաստակավոր դուդուկահար Գևորգ Դաբաղյանը։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այցի շրջանակներում երաժշտագետը վարպետաց դաս է անցկացրել դպրոցի ժողովրդական գործիքների բաժնի դուդուկի դասարանի աշակերտների հետ, որին մասնակցել են նաև դասատուները։
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, որի ընթացքում մասնակիցները ստացել են արժեքավոր խորհուրդներ, ինչպես նաև նվագելու և դասավանդելու նոր հմտություններ։
Գևորգ Դաբաղյանն իր նախաձեռնությամբ և մակագրությամբ դպրոցին է նվիրել դուդուկի ձեռնարկ-գիրք։

Բացի այդ, վարպետը դուդուկի բաժնի ուսուցիչներին և աշակերտներին հրավիրել է Երևան՝ ներկա գտնվելու Երևանի պետական կոնսերվատորիայում և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում անցկացվող իր դասաժամերին։
Երաժիշտը նաև խոստացել է՝ առաջիկայում նորից այցելություններ կատարել Մարտունի համայնք և դրանց ընթացքում փոխանցել նոր հմտություններ ու մասնագիտական խորհուրդներ։
Երաժշտական դպրոցի տնօրեն Ա․ Ասիկյանի փոխանցմամբ՝ տեղծագործական բարձր տրամադրությամբ անցած այս հանդիպումը մեծ լիցքեր է փոխանցել մեր երիտասարդ երաժիշտներին և մանկավարժներին։
Գեղամա աշխարհ