Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվում և բարեկարգվում է Սևան քաղաքի Պրահա-Վինոր այգին 

 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ընթանում են Պրահա-Վինոր այգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները։

Ինչպես     տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, դրանք ընթանում են  Սևան — Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, Սևան քաղաքի 2-րդ և 3-րդ միկոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքում, որը երկար տարիներ հարակից շենքերի բնակիչների կողմից վերածվել էր մեծ ու փոքր բանջարանոցների և աչքի էր զարնում  իր անհրապույր տեսքով, իսկ այժմ արդեն աստիճանաբար ու հիմնովին բարեկարգ տեսք է առնում։

Համագործակցության գաղափարի հեղինակ, Ատլանտիս Դեվոլոպմենթ» ընկերության նախագահ, սևանցի Արամ Մարությանի և Սևանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Պրահա-Վինոր այգում, որը զբաղեցնում է շուրջ 4600 քմ, իրականացվել են  բարեկարգման և կահավորման աշխատանքներ:

2019 թվականի աշնանը Պրահա-Վինոր քաղաքային շրջանի պատվիրակությունն այցելեց Սևան, որի ընթացքում էլ տեղի է ունեցել  այգու պաշտոնական բացման արարողությունը՝ մասնակցությամբ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Չեխիայի Պրահա – Վինոր քաղաքային շրջանի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինայի:

«Տարիներ անց Պրահա-Վինոր այգում տեսանելի են այն խնդիրները, որոնց պատճառով հնարավոր չէր երեխաների հանգիստն ու ժամանցը կազմակերպել և տարածքն օգտագործել լիարժեք:

Այգու բարեկարգումը դիտարկելով առաջնահերթություն՝ Սևան համայնքի ավագանին դեռևս անցյալ տարի հաստատեց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Պրահա-Վինոր այգու բարեկարգման 2026 թվականի բնապահպանական ծրագիրը:

Ծրագիրը կյանքի է կոչվում համայնքի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցության արդյունքում: Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 4 միլիոն 800 հազար  դրամ է, որից Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից բնապահպանական վճարներից Սևան համայնքին հատկացված մասհանումների գումարը կազմում է  4 միլիոն 100 հազար դրամ։

Սևան համայնքի կողմից ոչ միայն համաֆինանսավորում է կատարվելու շինարարական աշխատանքների և այգու կահավորման իրականացմանը, այլ նաև տեղադրվելու են խաղամիջոցներ, որոնք լրացնելու են այգու ամբողջականությունը:

Այգում կատարվող շինարարական աշխատանքներին հաջորդելու է զրուցարանի, նստարանների տեղադրումը, տնկվելու են ծառեր, թփեր ավելանալու է կանաչապատ տարածքը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Գեղամա աշխարհ

4 դիտում