
Հուլիսի 23-25-ը սպորտի կառավարման կենտրոնի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում, որը գտնվում է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում, տեղի է ունեցել Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունը, որտեղ փայլուն են հանդես եկել սևանցի ծանրամարտիկներ Ալինա Սուքիասյանը և Հովհաննես Հովհաննիսյանը։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,
77 կգ քաշային կարգում սևանցի ծանրամարտիկ, ծանրամարտի մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սան Ալինա Սուքիասյանը երկամարտի 223 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը:
Տղաների մրցապայքարում 75կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության երկրորդ մեդալակիր է դարձել բազմաթիվ անգամ Հայաստանը պատվով ներկայացրած ու մեդալներ նվաճած Հովհաննես Հովհաննիսյանը՝ երկամարտի 288 կգ արդյունքով:
«Շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին, նրանց մարզչին, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինությանը և աշխատակազմին, քանի որ այս ու նախորդ նվաճումները կապված են ջանադիր ու նպատակասլաց աշխատանքի, հաղթանակի կամքի դրսեւորման հետ։ Սևան համայնքը պատվով ու մեծարանքով է ընդունում իր շնորհալի ու հերթական հաղթանակները կերտած մարզիկներին»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ