Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համայնքում կազմակերպված հանրային լսումների արդյունքում արձանագրվել են առաջնահերթ անելիքները

Օրերս Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակավայրերում համայնքապետարանի կողմից հրավիրված հանրային լսումների ընթացքում բնակիչները ներկայացրել են բնակավայրերում առկա խնդիրները, իրենց հուզող հարցերը, որոնց արդյունքում էլ արձանագրվել են առաջնահերթ անելիքները:

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հանրային լսումները վարել են բնակավայրերի վարչական ղեկավարները: Արձանագրվել են բնակավայրերի 3-ական առաջնահերթությունները, որոնք ներկայացվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, ինչպես նաև ներառվելու են Սևան համայնքի 2027 թվականի տարեկան աշխատանքային պլանում:

«Առաջնահերթությունների ցանկը բազմավեկտոր է՝ փողոցների հիմնանորոգում, ոռոգման ցանցի կառուցում, մշակութային օջախների հիմնանորոգում, հեռագնա արոտների ջրարբիացում, խաղահրապարակների, մարզահրապարակների կառուցում, արևային վահանակների տեղադրում, եկեղեցիների և հարակից տարածքների բարեկարգում, թենիսի կորտի, սահադաշտի, ճեմուղու կառուցում և այլն:

Սևան համայնքի խոշորացումից հետո Սևան համայնքի հնգամյա զարգացման ծրագրում և տարեկան աշխատանքային պլաններում ներառված բազմաթիվ ծրագրերը և ընթացիկ աշխատանքները կյանքի են կոչվել՝ ապահովելով բնակավայրերի բնականոն կյանքը, նպաստելով համայնքապահպան ծրագրերի իրականացմանը:

Ներկայացված առաջնահերթություններն էլ դառնալու են Սևանի համայնքապետարանի կողմից իրականացվող հետագա աշխատանքների բաղկացուցիչ մասը և ստանալու են փուլային լուծում տարբեր ձևաչափերով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Գեղամա աշխարհ

2 դիտում