
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղի կենտրոնում իրականացվել են կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի կենտրոնական հատվածի բարեկարգում, TUR-17» ենթածրագիրն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
Ենթածրագրի շրջանակներում իրականացվել են Ծաղկունք գյուղի կենտրոնական հատվածով անցնող ճանապարհի՝ 180 գծամետր հատվածի երկաթբետոնե ճանապարհի և ավտոկայանատեղիի կառուցում: Միաժամանակ բարեկարգվել է գյուղում գտնվող այգին՝ լուսավորության ցանցի անցկացմամբ, կոմունալ հարմարություններով:
Սալիկապատվել է կենտրոնական հատվածից դեպի Սուրբ Հարություն եկեղեցի տանող ճանապարհը, անցկացվել է շուրջ 900 մետր ջրահեռացման համակարգ դեպի Հրազդան գետ:
«Աշխատանքների արդյունքում Ծաղկունքի կենտրոնական հատվածը ստացել է նոր տեսք, իսկ գյուղի փոքրիկներն արդեն ունեն իրենց ժամանցն ու հանգիստը կազմակերպելու հարմարավետ ու անվտանգ միջավայր»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ