Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ձորագյուղի Շողագավանքի գերեզմանոցում պահպանվել է հեթանոսական ֆալլոսի քանդակ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի Շողագավանք պատմաճարտարապետական հուշարձանի շրջակայքի գերեզմանոցում, միջնադարյան գեղաքանդակ խաչքարերի կողքին,  պահպանվել է հեթանոսական ֆալլոսի քանդակ, որին տեղի բնակիչները կոչում են «Պորտաքար»։

Ձորագյուղի բնակիչ, 63 տարեկան  Հակոբ Հակոբյանի ներկայացմամբ՝   այդ  Պորտաքարի վրա եկել ու նստել են տարածքում կամ այլ վայրերում բնակվող չբեր կանայք, որպեսզի կարողանան մայրանալ։

«Այս Պորտաքարն այսօր էլ չի կորցրել իր նշանակությունը։ Ես մեծերից եմ լսել, որ չբեր կանայք շատ են այցելել այստեղ ու նստել Պորտաքարի վրա, որն իրենից ներկայացնում է տղամարդու սեռանդամի քանդակ։ Նրանք հիմնականում եկել են գիշերով կամ այն պահերին, երբ տարածքում մարդկանց չեն նկատել։ Չի էլ բացառվում, որ ավանդույթի ուժով այսօր էլ գտնվեն այստեղ այցելող չբեր կանայք, որոնց տանջում է մայրանալու հոգսը։ Շողագավանքի գերեզմանոցում առկա են գեղաքանդակ, շքեղ տեսքով հարյուրից ավելի խաչքար-տապանաքարեր, որոնք կերտվել են 9-17-րդ դարերի ընթացքում, սակայն նրանց մեջ իր բացառիկ տեղն ունի նաև այս հուշարձանը, որը բնական է, կերտվել է շատ ավելի հեռավոր ժամանակներում՝ հայ հեթանոսական դարաշրջանում՝ հրաշքով պահպանվելով քրիստնեական հուշարձանների կողքին»,-ներկայացրեց Հակոբ Հակոբյանը։

Ձորագյուղի Շողագավանքի գերեզմանոցում գտնվող Պորտաքար-ֆալլոսի քանդակն ունի ավելի քան  1 մետր երկարություն ու 40 սանտիմետր լայնություն։ Այն կերտված է տեղական բազալտ քարից ու գտնվում է գետնատարած դիրքում։ Չի բացառվում, որ այն ավելի վաղ ժամանակներում եղել է կանգնեցված վիճակում։

Ձորագյուղի Պորտաքար-ֆալլոսի մասին որևէ հիշատակություն չկա ինչպես պատմական աղբյուրներում, այնպես էլ Ձորագյուղում ուսումնասիրություններ կատարած հնագետների աշխատություններում։ Պետական պահպանության հուշարձանների ցանկում էլ այն հաշվառված չէ։

Ֆալլոսի պաշտամունքը Հին Հայաստանում տարածված է եղել անհիշելի ժամանակներից։ Ֆալլոսը՝ բնության բեղմնավորումն ու վերածնությունը խորհրդանշող քարը, բնորոշ է եղել Հայաստանի պաշտամունքային սրբավայրերին, որոնք առկա են եղել Լճաշենում, Մեծամորում, Օշականում, այլ տեղերում։

Խոսրով  Խլղաթյան

3 դիտում