Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Համագործակցում են Վարդենիս և Էստոնիայի Հանրապետության Վալգա քաղաքի ուսումնական հաստատությունները

Համագործակցության նպատակով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հյուրընկալվել են Էստոնիայի Հանրապետոևթյան Վալգա քաղաքի ուսումնական հաստատության ներկայացուցիչները։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, էստոնիայի ներկայացուցիչները հյուրընկալվել են Վարդենիս քաղաքի Բադեյանի անվան  պետական քոլեջում։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Վարդենիսի Բադեյան պետական քոլեջի տնօրեն Արթուր Սիրադեղյանին, քոլեջի վարչական աշխատակիցներին և Էստոնիայի Հանրապետության Վալգա քաղաքի ուսումնական հաստատության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  կրթության ոլորտում համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, ուսումնական ծրագրերի կատարելագործման և միջազգային կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են  կրթական հաստատությունների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, ինչը կնպաստի ուսանողների և դասախոսական կազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Համայնքի ղեկավարը ողջունել է  հյուրերին՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը կրթության և համայնքի զարգացման գործում։ Նա պատրաստակամություն է  հայտնել՝  աջակցելու կրթական նախաձեռնություններին և ծրագրերին, որոնք միտված են երիտասարդների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։

Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ նախանշելով հետագա համագործակցության նոր հնարավորությունները։

Գեղամա աշխարհ

6 դիտում