
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի 75-ամյակն է հանդիսավորությամբ նշվել Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում, որը դարձել է հիշատակի տուրք վաստակաշատ լեզվաբանին և մանկավարժին՝ ևս մեկ անգամ արժևորելով նրա գիտական գործունեությունը։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը հյուրընկալել է Լալիկ Խաչատրյանի ընտանքի անդամներին, իր մայր բուհի՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին, գործընկերներին, լեզվաբանության տարբեր ուղղություններում նրա գործունեությունը գնահատողներին։
Անվանի լեզվաբանի գործունեությանն ու գիտական վաստակին նվիրված բանախոսությունները մեկնարկում են մանկավարժական համալսարանի ռեկտոր Արաքսիա Սվաջյանի՝ Լալիկ Խաչատրյանի 75-ամյակին նվիրված ուղերձի ընթերցմամբ։ Ի թիվս լեզվաբանական և մանկավարժական լայնածավալ աշխատանքների, բուհի ռեկտորը բարձր է գնահատում Սփյուռքի հայ համայնքներում լեզվաբանի հայապահպան գործունեությունը՝ առանձնացնելով Իրանում և Սիրիայում վարած դասախոսությունները։
Այնուհետ գիտնականի անցած ճանապարհն ու եձռք բերած վաստակն արժևորում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Մարինե Սեֆիլյանը, Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Լալիկ Խաչատրյանի կին Մարգուշ Միրումյանը։
Նրանց ներկայացմամբ՝ շուրջ մեկուկես տասնամյակ մայր բուհի՝ Հայոց լեզվի դասավանդման և մեթոդիկայի ամբիոնը ղեկավարած պրոֆեսորի գիտամանկավարժական աշխատանքի մեջ առանձնանում է Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարման շրջանը։ Լաբորատորիան դառնում է բազմաթիվ գիտաժողովների, անվանի լեզվաբանների մասնակցությամբ գիտական տարբեր նախաձեռնությունների, լեզվաբանությանն ու դրա հիմնախնդիրներին նվիրված ժողովածուների ստեղծման կենտրոն։ Մանկավարժ-լեզվաբանների տասնյակ սերունդներ կրթած Լալիկ Խաչատրյանի մասին հուշերը ամբողջացնում են նրա կերպարը՝ որպես գիտնականի, ընկերոջ, ընտանիքի հոր և ղեկավարի։
Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի 75-ամյակի միջոցառումը նշանավորվում է նրան նվիրված ցուցադրության բացմամբ։ Խաչատրյան ընտանիքի նախաձեռնությամբ և ցանկությամբ վաստակաշատ լեզվաբանի անձնական որոշ իրեր այսուհետ կպահպանվեն թանգարանում՝ այցելուներին ներկայացնելով կյանքը հայոց լեզվի տարբեր իրողությունների ուսումնասիրությանն ու հանրահռչակմանը նվիրած գիտնականին։
Գեղամա աշխարհ