Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԳԹԱՇԵՆԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Գթաշեն գյուղի  ավերակները տարածվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս, Լճավան  եւ Կարճաղբյուր գյուղերի արանքում, Մաքենիսից 4 կիլոմետր դեպի արեւմուտք ընկած հատվածում։

Այս գյուղի ոչ միայն անունն է մոռացված շատ վաղուց, այլ նաեւ տեղանքն է շատերի համար իսպառ անհայտ, քանի որ տների ավերակներն անգամ սովարական աչքի համար հազիվ կարող են նշմարվել։ Փոխարենը շատ հստակ ու վեհորեն երեւում են ավերակ եկեղեցու շուրջ սփռված մի քանի տասնյակի հասնող խաչքար-տապանաքարերը, որոնք հանդիսանում են  որպես արվեստի հրաշալի կոթողներ ու պատմամշակութային արժեքներ, հայ ժողովրդի ապրած կյանքի ու պատմության լռին, սակայն  շատ խոսուն վկաներ։

Գթաշենը շատ մոտ է գտնվում Մաքենիսի հռչակավոր վանքին, որը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր հոգեւոր ու կրթական կենտրոններից մեկը։ Այն հեռու չէ նաեւ մեկ այլ հայտնի հոգեւոր կենտրոններից մեկից՝ Մարտունի համայնքի  Արծվանիստ գյուղում գտնվող Վանեվան վանական համալիրից։

Դժվար է նաեւ եզրակացնել, թե որ դարաշրջանից է սկսվել Գթաշենի պատմությունը, քանի որ ողջ տարածքը, բնակիչների կողմից վերջնականորեն լքվելուց հետո, 17-18-րդ դարերի ընթացքում, ամբողջովին վերածվել է արտերի ու խոտհարքերի։ Իսկ որ ամենագլխավորն է, այստեղ մինչ օրս չի արվել հնագիտական որեւէ ուսումնասիրություն, որով կարող էր հաստատվել այս գյուղի սկզբնավորման հստակ ժամանակագրությունը։

Մի բան է միայն հաստատ, որ Գթաշենը տեղավորված է պատմական այնպիսի տարածքում, ուր անհիշելի ժամանակներից բնակվել են մարդիկ՝ զարգացնելով անասնապահությունը, երկրագործությունը, մետաղամշակումը, արհեստները։

Գթաշենը մոտ է գտնվում նաեւ Ծովակի Կիկլոպյան հզոր ամրոցին, որտեղ ժամանակին արձանագրություն է թողել Ուրարտուի արքա Սարդուր Երկրորդը։ Այն շատ մոտ է տեղակայված նաեւ Կարճաղբյուրի «Քարե Դուռ» կիկլոպյան ամրոցին, որը կառուցվել է Ք․Ա․ 2-րդ հազարամյակի վերջում։ Ծովինարի Օձաբերդը եւս, որը կառուցվել կամ վերակառուցվել է Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի կողմից, ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու տեղակայված Գթաշենից։

Գթաշենի կողքով հոսում է Մաքենիս գետը, իսկ հարավային կողմում տարածվող Վարդենիսի բարձրաբերձ լեռնաշթայից բխում են հորդահոս, սառնորակ աղբյուրներ, տարածվում են ընդարձակ արոտավայրերն ու խոտհարքերը, որոնք չափազանց նպաստավոր են եղել մարդկանց բնակվելու ու զբաղմունքի համար։

Այս գյուղի պատմությանն ու պատմամշակութային արժեքներն մանրամասնորեն անդրադարձել է մեծ հայագետ, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը «Դիվան հայ վիմագրության» կոթողային աշխատության մեջ։  Դրա համար հիմք են ծառայել միայն հրաշքով պահպանված ու մեզ հասած տապանաքար-Խաչքարերը, որոնք արտացոլում են ընդամենը 15-17-րդ դարերի ընթացքը, այստեղ ապրած մարդկանց անունները եւ թողած արվեստի քանդակներն ու վիմագրերը։ Իսկ թե ինչ հանգամանքներում են հայ բնակիչները լքել գյուղը, որտեղ են հեռացել, այս մասին առայժմ պատմությունը խորհրդավոր կերպով լռում է։

Ամենայն հավանականությամբ, գյուղը լքվել է 18-րդ դարի ընթացքում լեզգիների կողմից Սեւանի ավազանում իրականացված մի քանի ավերիչ ասպատակությունների հետեւանքով։

Դատելով ավերակների ընդարձակ տարածվածությունից, կարելի է եզրակացնել, որ Գթաշենը ժամանակին եղել է մեծ ու մարդաշատ գյուղ։

Այժմ խոսքը տանք Սեդրակ Բարխուդարյանին։ «Գթաշեն գյուղատեղի այս ավերակները գտնվում են Մաքենիս գյուղից արեւմուտք, 3-4 կիլոմետր հեռու, բայց նրա հանդի մեջ, Կարճաղբյուր գյուղի հանդի սահմանի մոտ, գետակի ձախ ափին։ Տեղացիները կոչում են «Կարմիր խրբէք, որի ավերակների մեծ մասն արդեն մաքրված է եւ տեղն արտերի վերածված։ Պահպանվել են անտաշ քարերով շինված եկեղեցու հիմնապատերը՝ մեջը երկու կանգնած խաչքարեր եւ անմիջական շրջապատում՝ մի քանի տների ավերակներ, խաչքարեր ու գերեզմանաքարեր՝ եկեղեցու մոտ։

Եկեղեցու մեջ կանգնած մի գեղաքանդակ խաչքարի թիկունքի մեծ եւ բովանդակալից արձանագրության մեջ պահպանվել է գյուղի հին անունը՝ Գթաշեն։ Գթաշեն անունով գյուղ չկա Օրբելյանի ցուցակում։ Ալիշանը նշում է, որ Վենետիկում պահվող պատմագրի ձեռագրերից ոչ մեկում չկա, սակայն Շահխաթունյանցը իր մեջ բերած Սոթք գավառի ցուցակում նշում է Քթաշեն գյուղը։

Մեզ թվում է, որ Շահխաթունյանցը ցուցակի վերջում մի քանի գյուղերի անունները լրացրել է առնելով այլ աղբյուրներից, եւ ոչ թե Օրբելյանի որեւէ ձեռագրի ցուցակից, մանավանդ, որ Շահխաթունյանցի ցուցակում Քթաշենին անմիջապես հաջորդում է Դէլիղարդաշ անունը, որը նախ Սոթք գավառի մեջ չէ, եւ ապա, իր թուրքական ծագումով, չէր կարող լինել Ստեփանոս Օրբելյանի ցուցակում։

Շահխաթունյանցի աղբյուրն այս դեպքում եղել են Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» մի քանի ձեռագրերը։ Հատկապես Տաթեւի վանքում գրված օրինակներում Քյոթուկի դեր է կատարել մի օրինակ, որտեղ զետեղված է եղել Գեղարքունիի մելիքների եւ տանուտերերի հայտնի «Ուխտագիրը», որը տվել են Տաթեւի վանքին, որպես հաստատություն՝ Գեղարքունի գավառը այդ վանքի վիճակ լինելուն։  Շահխաթունյանցը 1513 թվականի  այդ «ուխտագիրն» ամբողջությամբ դրել է իր գրքում, որի տակ, ի շարս այլոց, ստորագրել է նաեւ Թարխան Քիթաշենցին, այն էլ՝ Էհիէ Դէլուղարդաշյանից հետո։

Այսպիսով, Քիթաշեն տեղանվան ամենահին հիշատակությունը վերաբերում է 1513 թվականին։ Մեր արձանագրությունը թվական չունի, բայց այն խաչքարը, որի թիկունքին գրված է, իր քանդակների ոճով հենց այդ ժամանակներին է վերաբերում։ Ավերակների մեջ եղած հուշարձանների մեծ մասը թվագրված են արձանագրության մոտիկ ժամանակներով։ «Ուխտագրի» մեջ Քիթաշենի փոխարեն Գթաշեն ձեւը առարկության տեղիք տալ չի կարող հարկավ։

Անհրաժեշտ է մի ուղղում։ Երվանդ Լալայանը հրատարակել է այս արձանագրությունը, բայց սխալմամբ տեղադրել է Վերին Քյոլաղռան գյուղատեղում, որին նույնպես սխալմամբ «Կարմիր խարապա» անունն է տվել, ապա, արձանագրությունը սխալ վերծանելով՝ աղավաղել է թե՛ նրա ընդհանուր բովանդակուևթյունը, թե՛ , մանավանդ, Գթաշեն տեղանունը։ Մեզ հետաքրքրող մասը Լալայանը վերծանել է այսպես․ «․․․ սարընդհանայ արեւի սարին ջուրնԴաղձն գթայշինոյ․․․»։ Բացի ընդհանուր իմաստից զուրկ լինելուց, այս բառերի շարքի մեջ գյուղանունը դարձել է Դաղձն․ իրականում այս մասն այսպես է․ «Սարդահանայ պռի սարին ջուրն ի դաշտն Գթայշինոյ․․․»։

Այս գյուղատեղից մեր ժողովածուում ամփոփված են 15 արձանագրություն, որոնցից միայ երկուսն են հատարակված եղել»,-գրում է Բարխուդարյանը։

Եվ այսպես, ի՞նչ  է գրված ավերակ եկեղեցու մեջ կանգնած մեծ, գեղաքանդակ խաչքարի ճակատին, թիկունքին եւ հարավային կողին․ «ԱՍՏՈՒԾՈՎ ՄԵՔ ԴԱՒԻԹ ԷՐԷՑՍ ։Ե։ /5/ ՈՐԴԻՔՍ, ՍՈՒԼԹԱՆՂՈՒԼԻՆ, ԵՂԻՇԻՍ ԹՈՌՆ ՂԱԼԱՄԻՆ, ՈՐ ԵՆՔ ԾՆՈՒՆԴ ՍԱՐՈՒ ԱՄԻՐՃԱՆԻՆ, ՈՐ ԲԱԶՈՒՄ ՋԱՆՔ ԵՒ ՀՆԱՐԻՒՔ ԲԵՐԵԱԼ ՍԱՐԴԱՀՆԱՅ ՊՌԻ ՋՈՒՐՆ Ի ԴԱՇՏՆ ԳԹԱՅՇԻՆՈՅ․ ՇԻՆԵԱՑ ։Բ։ /2/ ՋԱՂԱՑՆ , ԵԹՈՂ ՀԱՐԵՆԻՔ ԻՒՐ ԾՆԸՆԵՈՑ»։

Խաչքարի հարավային կողին գրված է․ «ԴԱՒԻԹ ԷՐԷՑ ԿԱՆԿՆԵՑԱՔ ԽԱՉԵՐՍ ԲԱՐԵԽԱՒՍ ՄԵՐ»։

Խաչքարն անթվագիր է, սակայն Բարխուդարյանն այն համարում է 15-16-րդ դարերի գործ։ Ըստ նրա՝ հենց այդ ժամանակներում են պատրաստվել նաեւ թվագրություն կրող մյուս խաչքարերն ու տապանաքարերը։

Վավերագրից պարզ հասկացվում է , որ Դավիթ Երեցը, Սուլթանղուլի 5 որդիները, Ղալամի թոռ Եղիշը բազում ջանքերով ու հնարներով  ջուրը հասցրել են Գթաշենի դաշտերը, ջրի հոսքի վրա երկու ջրաղաց շինել։

Ահա այսպես է պահպանվել թե՛ գյուղի, թե՛ նրան շունչ ու կենդանություն տվող մարդկանց անունները, որոնք դարերով դաջված են մնացել բնության բոլոր քմայքներին դիմացած գեղաքանդակ խաչքարի վրա։

Նույն խաչքարին կից, ավերակ եկեղեցու մեջ կանգնած մեկ այլ խաչքար կրում է հետեւյալ արձանագրությունը․ «ԱՍՏՈՒԱԾ ՈՂՈՐՄԻ ՍԱԼԹԱՆՂՈՒԼԻՆ»։ Նույն խաչքարը նախորդի հետ կանգնեցրել է Դավիթ Երեցը։

Մեծ ու տափակ տապանաքարին արձանագրված է․ «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԲԱՃԻՆ, ԿՈՂԱԿԻՑ ՄԻՐԶԻՆ․ԹՎ․ ՌՃԻ /1671/։ Սա արդեն  փաստում է, որ Գթաշենում 17-րդ դարի երկրորդ կեսին հայ մարդիկ շարունակում էին ապրել ու արարել, չնայած Շահ Աբասի կողմից կազմակերպած 1604-1605 թվականների մեծ բռնագաղթին ու նրան հաջորդած ծանր ժամանակներին։

Շատ տպավորող են ավերակ եկեղեցու արեւմտյան պատին մոտ մի շարքով կանգնեցված գեղաքանդակ 7 խաչքարերը, որոնցից հինգը միայն կրում են թվական արտահայտող տառերը՝ ՋԼԶ/1487/, ՋԿԵ/1516/, ՋԿ/1511/, ՋԿ/1511/, ՋԿԵ/1516/։ Իսկ նրանցից մեկը, ամենահարավային կողմում,  հետեւյալ արձանագրությունը․ «ԵՍ ՏԵՐ ՄԱՆՎԵԼ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ ՀՈԳՈՅ ՀԱՒՐ ԻՄ ՊԷԽԱՆԻՆ․ ԹՎ․ ՋԿԷ/1516/։ Բոլոր խաչքարերը գեղաքանդակ են ու նույն ոճի, նույն վարպետի կողմից կերտված։

Ավերակ եկեղեցու մոտ գտնվող մի տապանաքար էլ ազդարարում է 1496 թվականին մահացած Ղալամի անունը։

Մի ամբողջ պատկերասրահի ու գրավոր մատյանի է նմանվում մեծ, ստորին մասում օրորոցաձեւ, վերին մասում թամբաձեւ տապանաքարը, որը հարավային կողին ունի չորս սրանկյուն խորաններ։ Առաջին խորանում ձիավոր է պատկերված՝ ձեռքին գավազան, երկրորդ խորանում երկլարանի սազ նվագողն է, երրորդում պատկերված է գավ եւ բլիթ, չորրորդում՝ մկրատ, ցրցամ տալու կեռ գործիք, երկար թփայտ եւ կոճակ։ Շրջանակների մեջ արձանարված է․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՂՈՒԿԱՍԻՆ Է ՈՐԴԻ ՍԻՄԷՈՆԻՆ, ԿԱՆԿՆԵՑԱՒ ԽԱՉՍ ՁԵՌԱՒ ՓԻՐՃԱՆԻՆ ։ՋՀ։/1521/ ԱՂԱՊԷԿ»։ Բարխուդարյանը կարծում է, որ Աղաբեկը կազմողն է, քանի որ նրա անունը գրված է հյուսիասային կողմի մի խորանի մեջ։

Հետաքրքիր պատկերազարդում ունի նաեւ վերեւում թամբաձեւ, հյուսիսային կողը 2 շարքի բաժանված, վերեւում չորս խորաններ , իսկ երեքի մեջ խաչեր ունեցող տապանաքարը։ Վերին մասում պատկերված է գավ եւ բլիթ, երկու կողերին՝ երկլարանի սազ եւ սրինգ։ Ստորին շարքում պատկերված է հեծյալ, որը նիզակով հարվածում է ձիու ոտքերի տակ գալարված վիշապին։ Դիմացը պատկերած է եզ ու մի գազան։ Տապանաքարը կրում է հետեւյալ արձանագրությունը․ «ՊԵՏՐՈՍ, ՈՐԴԻ ԱԹԱՆԻՍԻ ԿԱՆԳՆԵՑԻ ԶՏԱՊԱՆՍ ԻՄ ԵՂԲԱՒՐ․․․․ԹՎ․ ՋՁԲ/1533/ »։

Մեկ այլ տապանաքարի վրա էլ պատկերված է ձեռքին նետ ու աղեղ բռնած որսորդ, ուսին՝ հրացան, գոտիում՝ դաշույն, իսկ նրա առջեւից փախչող երեք այծյամ։ Տապանաքարին արձանագրված է․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԴԱՒԹԻՆ»։ Քանդակը համարվում է 16-րդ դարի գործ։

Սքանչելի է նաեւ մեկ այլ տապանաքրարի քանդակը, որի վրա հարավային կողմի չորս խորաններից առաջինի մեջ  պատկերված է հեծյալ՝ ձեռքին գուրզ, երկրորդի  մեջ՝ գավ եւ հաց, երրորդի մեջ՝ ձեռքերը կանթած մարդ, չորրորդի մեջ՝ արոր, դիմացը՝ դաշույն եւ հրացան։ Տապանաքարին արձանագրված է․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԷԼԻԽԱՆԻՆ Է ՈՐԴԻ ՍԱՐՈՒԽԱՆԻՆ ԵՒ ՄԱՐՆ ՄԱՐԻԱՆԻՆ։ ԽԱՉՍ ԲԱՐԵԽՈՍ ՀՈԳՈՅՆ ԷԼԻԽԱՆԻՆ ԵՒ ՄՈՐՆ ՄԱՐԻԱՆԻՆ․ ԹՎ ՌՂԳ/1645/»։

Մեկ այլ տապանաքար էլ կրում  է   Աղաճան անունը։

Հիացնող է նաեւ արձանագիր մի տապանաքարի քանդակը, ուր հստակ արտացոլված է քեֆի, պարի, նվագողների գործողության տեսարանը։

Գթաշենը չորս կողմից շրջապատված է սքանչելի բնապատկերներով։ Հյուսիսում, ինչպես ափիդ մեջ, փռված է Սեւանա լճի ողջ  հայելին ու նրան շրջապատող լեռնաշթաները։ Արեւմուքում տարածվում է Գեղամա լեռնաշղթան՝ իր բարձրաբերձ բազմաթիվ  կատարներով։ Արեւելքում Արեւելյան Սեւանի լեռներն են, հարավում՝ Վարդենիսի լեռնաշղթայի սարալանջերը։ Իսկ այս ամենին առանձնակի շուք են տալիս խաչքար-տապանաքարերը, որոնք մեզ ավանդվել են մեր հանճարեղ քանդակագործ վարպետների պայծառ մտքի ու հմուտ ձեռքերի շնորհիվ։

Հայ  մարդիկ այստեղ ապրել ու արարել են խստաշունչ ձմեռների ու զովասուն ամառների դժվար ու նույնքան էլ հաճելի ներկայությամբ, սակայն միշտ հույսով, հավատով, մայր հողի նկատմամբ ունեցած սիրով, Աստծուն ուղղված ջերմեռանդ  աղոթքներով։ Բայց եկել են չարագործ, ավարառու ցեղերը եւ եռուզեռի մեջ ապրող շենը  հիմնովին ամայացրել։

Ու Գթաշենը, թեկուզ վաղուց լքված ու մոռացված, ուխտի է կանչում մեզ, ուխտի է կանչում աշխարհասփյուռ հայությանը՝ ավերակների մեջ դեռ հպարտորեն կանգնած իր վեհաշուք կոթողներով, իր առեղծավածային պատմությամբ։

Մաքենիսի վանք այցելող ուխտավորները կարող են իրենց համար պարտավորություն համարել՝ մի կարճ ժամանակով ճանապարհը շեղելու եւ Գթաշենի հուշարձաններին իրենց սիրո ու հարգանքի տուրքը մատուցելու նպատակով։

Խոսրով   Խլղաթյան   

7 դիտում