Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցը հյուրընկալել է ռուս դաշնակահար Դմիտրի Մասլեևին 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի  թիվ 1 մանկական երաժշտական դպրոցը հյուրընկալել է ռուս դաշնակահար Դմիտրի Մասլեևին։

Ինչպես   տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  այս իրադարձությունն աննախադեպ և հիշարժան է ոչ միայն երաժշտական դպրոցի, այլ նաև համայնքի համար։ «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի նախագծերի շրջանակում Հայաստանում գտնվող երաժիշտը համերգային ծրագրով ներկայանում է վարդենիսցի երաժշտասերներին։

Շուրջ երկու ժամ տևողությամբ համերգային ծրագրում աշխարհահռչակ ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններն են՝ Դմիտրի Մասլեևի կատարմամբ։ Հանդիսատեսը դաշնակահարին ընդունում է հիացմունքով և բուռն ծափահարություններով։

Դմիտրի Մասլեևը Հայաստանում է ոչ միայն համերգային, այլև կրթական ծրագրերով։ Մայրաքաղաքի և մարզերի երիտասարդ երաժիշտները մասնակցում են դաշնակահարի վարպետաց դասերին ու նրա նախաձեռնությամբ իրականացվող մրցույթներին։ Վիկտորայա Ուլիխանյանն այդ մրցույթներից մեկի հաղթողն է և կրկնականչին Դմիտրի Մասլեևի նկավագակցությամբ կատարում է իր ստեղծագործությունը՝ «Դեղձանիկի երգը»։

Դաշնակահարի այցն ու համերգը Վարդենիսի մշակութային կյանքը հարստացնելու լուրջ քայլ է համարում համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը։ Նա համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անունից  Դմիտրի Մասլեևին է հանձնում շնորհակալագիր և հուշանվեր։

Գեղամա աշխարհ

0 դիտում