Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում բարելավվել է խմելու ջրի մատակարարումը

 

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի շնորհիվ էականորեն բարելավվել է խմելու ջրի մատակարարումը։

Ինչպես  տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Կալավանի խմելու ջրատարարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 53 միլիոն 366 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսից և ավարտվել 2025 թվականի ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատարի նախկին արտաքին ցանցը՝ 3100 մետր երկարությամբ, փոխարինվել է պոլիէթիլենային նոր խողովակներով, միաժամանակ կառուցվել է 1 աղբյուրակապ և 6 մարիչ հոր։

«Ծրագրից օգտվում են Կալավանի բոլոր տնտեսությունները։ Խմելու ջրատարի նախկին արտաքին ցանցը հիմնովին քայքայվել էր, մատակակարվող ջրի կորուստները չափազանց շատ էին, իսկ որակի մասին խոսելն ավելորդ էր։ Այս ծրագրի իրականացումից հետո հիման բոլորովին այլ պատկեր ունենք․ ավելացել է մատակակարվող ջրի քանակությունը, որը տնտեսություններին հասնում է արդեն միանգամայն մաքուր վիճակում»,-ներկայացրեց Կալավանի վարչական ղեկավար Սամվել Ծատուրյանը։

Գեղամա աշխարհ

2 դիտում