Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

«ՏԱՂԱՐԱՆԸ» ԴԱՐՁԱՎ 45 ՏԱՐԵԿԱՆ

2026 թվականը  հոբելյանական է «Տաղարան» հնագույն  երաժշտության անսամբլի համար, որն այս տարի տոնում է իր 45-րդ տարեդարձը` գեղարվեստական ղեկավար  և դիրիժոր, ՀՀ մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ:

Մոտ կեսդարյա պատմություն կերտած այս բացառիկ անսամբլը, իր տաճարային երաժշտությամբ, անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Յուրաքանչյուր համերգի «Տաղարանը» ներկայանում է նոր շնչով , ժամա նակին համընթաց՝ ակադեմիական բեմահարթակից հնչեցնելով 5-15-րդ դարերի հայ ազգային մշակույթի բացառիկ արժեքներ՝ շարականներ , տաղեր , հոգևոր ու աշխարհիկ գոհարներ ու համաշխարհային հնագույն երաժշտություն:

«Տաղարանը» 45 տարիների անբասիր աշխատանքային գործունեությամբ , ազգային ու համամարդկային մշակութային ժառանգությունը պահում, պահպանում, հանրայնացնում ու փոխանցում է սերունդներին։ Անգնահատելի է անսամբլի դերը մերօրյա մշակութային պատմության կերտման, կայացման, հայի ու ազգայինի դաստիարակման գործում։  2026 թվականի   յուրաքանչյուր համերգ սպասված տոնակատարություն է լինելու  հանդիսատեսի  համար`իր ուրույն ձեռագրով  ապահովելով մշակութային հրավառություն:

Իսկ արևագալի պես շողշողուն սկիզբը եղավ  1981թվականին, երբ  Գրիգոր Դանիելյանը, նույն ինքը, Դանիել Երաժիշտը , հիմնեց  «Շարական» հնագույն երաժշտության անսամբլը ` ղեկավարելով այն    մինչև 1985 թվականը: Անսամբլի  անվանումը հուշել է իր ուսուցիչը` երաժշտագետ Ռոբերտ Աթայանը ։ Մաեստրոն  առաջնորդվել է այն գաղափարով , որ , եթե    200-300 տարվա  մշակութային պատմություն ունեցող երկրները կարող են հնագույն երաժշտության անսամբլներ ունենալ , ապա հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող հայ ազգը աներկբայորեն  պետք է ունենա իր հնագույն երաժտական ստեղծագործությունները պրոֆեսիոնալ կատարմամբ  ներկայացնող և ավետող անսամբլ։ 1985 թվականին «Մելոդիա» ֆիրմայի կողմից `Արամ Խաչատրյան համերգասրահում , տեղի է ունենում «Շարական» անսամբլի ձայնագրությունը ։1986 թվականին թողարկվում է «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի ձայնասկավառակը ։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն , խորապես կարևորելով  անսամբլի տեղը և դերը , որոշում է կայացնում՝ անսամբլն  ընդգրկել  եկեղեցական միջոցառումների շարքում՝ տալով իր օրհնությունն ու բարեմաղթանքը: Կոմունիստական կուսակցության ղեկավարության առաջարկով  հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը անվանակոչվել է «Տաղարան», քանի որ անվանումն    ուներ կրոնական ու հոգևոր բնույթ:

«Տաղարան» -ի առաքելությունն ի սկզբանե եղել է՝ վեր հանել ու հանրահռչակել մեր ժողովրդի հնագույն երաժշտությունը: 1987 թվականին «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի ղեկավարությունը ստանձնում է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: 1988 թվականին «Տաղարանը» ստացել է պետական կարգավիճակ։ Այս տարիներին անսամբլը ծաղկունք ապրեց, ներկայացավ այլ հարթության բարձունքից` հաղորդելով  նոր շունչ ու որակ: Երվանդ Երկանյանը «Տաղարանի» համար մշակել է 350- ից ավելի հայ հոգևոր , ժողովրդական , ազգային , հայրենասիրական ստեղծագործություններ , որոնք առանձնանում են բարձրաճաշակ , երկանյանական հոգու նուրբ ձեռագրով: Երվանդ  Երկանյանի  մշակումները առանձնահատուկ են հայ հոգևոր երգարվեստի ոճի ճշգրիտ ըմբռնմամբ, կոմպոզիտորական բարձր վարպետությամբ:

Այդ տարիներին «Տաղարանը» առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացրել Կլաուդիո Մոնտեվերդիի «Պոպեայի թագադրություն»,  Քրիստոֆ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» և Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերաները` համերգային ձևաչափով։  Երվանդ Երկանյանի ղեկավարության օրոք, 1990 թվականին,  «Մելոդիա» ֆիրմայի կողմից Մոսկվայում «Տաղարանը» ձայնագրվում ու թողարկում է ձայնասկավառակ։

1994 թվականից անսամբլը ղեկավարում է լավագույն մաեստրոներից մեկը` դաշնակահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը , ով ոչ միայն պահում է անզուգական ու մաքրամաքուր բարձր արվեստ ներկայացնելու իր առաքելությունը , այլ նաև  բեմ է բարձրացնում այնպիսի գոհարներ , որոնց մշակումներն ու գործիքավորումները տասնամյակներ շարունակ ունկնդրին ուղեկցում և  տեղափոխում են երաժշտության տիեզերական աշխարհ:

Մաեստրո Սեդրակ Երկանյանի ձեռամբ «Տաղարանը» հսկայական գործունեություն է ծավալում ` ներակայացնելով  հայ հոգևոր միջնադարյան երաժշտությունից մինչև եվրոպական մինչդասական ու բարոկկո շրջանի երաժշտություն : Հայ մշակութային գանձերին զուգահեռ հնչում է նեգրական  սպիրիչուելներ , իսպանական , ֆրանսական , իտալական , գերմանական , չինական հնագույն երաժշտության ամբողջական պատկերներ : «Տաղարանը» ,  լինելով  միակը ,  գրեթե կես դար երաժշտական ոճային առանձնահատկությունով , բարձր վարպետությամբ , մենակատարների ու նվագախմբի համահունչ ներդաշնակությամբ, միշտ բարձրակետում է: Այս անսամբլը ակադեմիական բեմից, ակադեմիական հնչողությամբ ճշմարիտ արվեստով  կրթում ու դաստիարակում է որակյալ հասարակություն: Հիրավի , անսամբլի առաքելությունը մեր օրերում բարդ է , բայց Սեդրակ Երկանյան մաեստրոն գիտի, որ  յուրաքանչյուր ճշմարիտ  արվեստագետ ինքն է իր ուղին հարթում, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ` ի շահ «Տաղարանի»:

Մաեստրոն , հավատարիմ մնալով իր գենետիկ կոդին, Կոմիտասյան ուղենիշը այցեքարտ դարձրած, կերտում է «Տաղարանի» իր ղեկավարության եռահատորը: Նա  քարտեզագրել , մշակել ու «Տաղարանի» երկացանկը հարստացրել է հորովելների , քոչարիների , հայկական խճանկարների , հարսանեկան հայտնի ու անհայտ երգերի ու պարեղանակների շարքերով :

Անսամբլը ներկայացրել է «Կարոս խաչ» վիպերգությունը և Հովհաննես  Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված  «Վարք հիմարաց» խաղերգությունը (կոմպոզիտոր` Դ. Սաքոյան )։

«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլն  իր 45 տարիների կարևոր ու բեղմնավոր գործունեության ընթացքում  մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, հայտնի ստուդիաների կողմից ձայնագրվել ` թողարկելով ձայնասկավառակներ , նկարահանել տեսահոլովակներ , մշտապես արժանացել հեղինակավոր հեռուստա և ռադիո ծրագրերի ուշադրությանը, միջազգային ու տեղական մամուլի անդրադարձների ։ Անսամբլը համերգային ծրագրերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում՝  ներկայացնելով հայկական մշակույթը , բարձր հնչեցնելով Հայաստան անունը:

Մարիաննա Գևորգյան

43 դիտում