Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Րաֆֆու ‹‹Խենթը››  վեպը (խոհագրություն)

 

‹‹Խենթը››  կարդալիս ես հասկացա, որ սա ուղղակի պատմություն չէր մի հերոսի մասին, այլ մի ամբողջ ժողովրդի ցավի ու հույսի պատկեր: Ես փորձում էի մանրակրկիտ հետևել  ամեն մի մասին, որպեսզի հասկանամ` ինչն էր ստիպում Վարդանին լինել այդքան անվախ:

Վեպի հենց սկզբում` Ալաշկերտի տեսարաններում, ես տեսա մեր ժողովրդի դժվար կյանքը: Ինձ համար ամենատհաճը Թոմաս Էֆենդու նման մարդիկ էին, ովքեր իրենց շահի համար պատրաստ էին դավաճանել սեփական ազգին: Բայց հենց այդ մութ ֆոնին Վարդանն ինձ համար դարձավ այն լույսը, որը փոխեց ամեն ինչ:

Նրան ‹‹խենթ››  էին անվանում, բայց իմ կարծիքով` նա միակն էր, ով սթափ էր դատում և չէր վախենում գործել:

Ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց Բայազետի պաշարումը: Երբ կարդում էի, թե ինչպես են մարդիկ ծարավից տանջվում, բայց շարունակում պայքարել, զգում էի այդ լարվածությունը:  Վարդանի քայլը` թշնամու համազգեստը հագնելն ու նրանց միջով անցնելն ինձ համար իսկական սխրանք էր: Ես մտածում էի` իսկ ես կկարողանայի՞ այդպիսի ‹‹խենթություն››  անել հանուն ուրիշների փրկության:

Ամենաշատը ինձ ստիպեց մտորել Վարդանի երազը: Դա վեպի ամենագեղեցիկ ու գեղարվեստական մասն էր:

Երազում նա տեսնում էր մի Հայաստան, որի մասին բոլորն էին երազում. Ազատ, շենացած, որտեղ մարդիկ ո’չ թե ստրուկ են, այլ իրենց հողի տերը: Այդ երազը ինձ համար ո’չ թե ուղղակի տեսիլք էր, այլ Րաֆֆու պատգամը մեզ` հավատալ ապագային ու պայքարել դրա համար:

Վեպի ավարտը շատ հուզիչ էր ու տխուր: Վարդանի ու Լալայի ճակատագիրն ինձ ստիպեց հասկանալ, որ ազատությունը հեշտ չի տրվում: Բայց իմ տեսակետն այն է, որ Վարդանը չպարտվեց: Նա իր ‹‹խենթությամբ›› ապացուցեց, որ սերն ու հայրենասիրությունը մարդուն դարձնում են անմահ:

Այս վեպը ինձ սովորեցրեց, որ պետք չէ վախենալ տարբերվելուց ու սեփական սկզբունքների համար պայքարելուց: Ես հասկացա, որ ամեն մի ‹‹խենթ››  քայլի հետևում թաքնված է մի մեծ սեր ու նվիրում:

 

…Ամեն պահի  էլ կարելի է լինել ‹‹խենթ›› և  հայրենիքը փրկել անհուսալի թվացող իրավիճակներից :

 

Նարե Սիմոնյան

Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի    անվան Հ1 հիմնական դպրոց

(8-րդ դասարան)

1 դիտում