
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն և պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 21 ծրագիր է իրականացվել, որոնց ուղությամբ կատարված ներդրումները կազմում են 1 միլիարդ 916 միլիոն 203 հազար 937 դրամ։
Ինչպես տեղեկացրեց Աստղաձորի վարչական ղեկավար Մխիթար Ալեքսանյանը, 19 սուբվենցիոն և 2 պետական ծրագրերի իրականացման արդյունքում Աստղաձորում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 8125 մետր խմելու, 13458 մետր ոռոգման ջրատարներ, 1530 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց, մինի ֆուտբոլի խաղադաշտ, 2100 մետր գազատար, խմելու և ոռոգման ջրի 2 խորքային հոր, 1 մոդուլային մանկապարտեզ։
Աստղաձորի մոդուլային մանկապարտեզը կառուցվել է պետական միջոցներով, 926 միլիոն 450 հազար դրամ արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականից և ավարտվել 2025 թվականին։ Մանկապարտեզը բացվել է 2025 թվականի մարտ ամսից, 4 խմբով, ուր հաճախում են 84 երեխա։ Աստղաձորի պատմության մեջ մինչ այդ, նույնիսկ ԽՍՀՄ տարիներին, մանկապարտեզ չի գործել, այնպես որ, այս կառույցը բացառիկ նվեր է գյուղի բազմահազարանոց բնակչության համար։ Մինի ֆուտբոլի խաղադաշտը կառուցվել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ։
Գեղամա աշխարհ