
Ատոմ Հակոբյանը ծնվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղում, ծառայողի ընտանիքում, 1978 թվականին։ Ավարտել է Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցը և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետակական մանկավարժական համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պատմության բաժինը, այնուհետ՝ Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1999-2003 թվականներին մանկավարժ է աշխատել Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում։ 2003-2024 թվականներին աշխատել է Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում։ 2025 թվականից նշանակվել է նույն դպրոցի վարչական համակարգողի պաշտոնում։ 30-ից ավելի գիտական, հրապարակախոսական հոդվածների և գեղարվեստական 4 գրքերի հեղինակ է։ Նրա շատ ստեղծագործություններ տպագրվել են “Գեղամա աշխարհ” թերթում։
Աստղեր եմ ցանել խոսքի արվեստով…
ՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐԻԱՄԻՆ…
Ես միշտ եղել եմ մենության զավակ,
Սառնամանիքի ու ձյունի որդի,-
Եվ իմ աչքերը, հանց հսկա բաժակ
Լցվել են, լցվել ծովով կապույտի…
Ես միշտ ապրել եմ այն քարայծի պես,
Որ լռությամբ է հոտն առաջնորդում,-
Եվ կարմիր, ինչպես արև՜ ողջակեզ,-
Լեռներն են միայն ստվերս ջարդում…
Ազատությունը անքնություն է,
Մտքի ու ձեռքի տուրևառություն.
Կյանքն իմ այդպես է և հավաստում է
Փորձի ու գործի բնականություն…
Զի միշտ քայլել եմ այրված ոտքերով
Քարերի վրա տիեզերական,
Աստղե՜ր եմ ցանել խոսքի արվեստով
Մոլորակներում իմ սատուրնական…
ԱՆՁՐԵՎԱԱՂՋԻԿ
Ես սիրում եմ քեզ անձրևի նման,
Ես սիրում եմ քեզ թևաբաց ու գիրգ,-
Դու- հեռուների անմեռ կարոտանք,
Դու- հեռուների անձրևաաղջիկ…
Դու- սիլուետված հունագեղություն,
Փրկում ես կայմն իմ ալեբախումից,-
Ու սա՜ռն աչքերիս կյանք ես հաղորդում
Պարզերես սիրո աչքերով չամիչ…
Դու անձրևում ես հոգուս դաշտերին
Եվ իմ մատներին վաղուց կոշտացած ,-
Ընդմիշտ կհիշեմ այս միստիկ տարին՝
Վահագնախռիվ ու աստղիկոտված…
Եվ շնչառության քո հևքի այգին,
Եվ քո մոռացված նախասրտերը,-
Այն, որ կդառնան մայրացում ու կին,-
Դու ձգում ես դեպ անհունձ արտերը…
Դու քո թևերը ջրո՜վ ես այրում,
Դու անձրևում ես քաղցր կանաչին.-
Դու ի՛մն ես, ի՛մն ես, դու ի՜մն ես դառնում
Ու իմ թաց հա՜ցը աղոթականչին…
ԼՈՐԻ ԴԱՇՏԻՑ ՔԵԶ ՔԵԶ ԽԻՂՃ ԲԵՐԵՄ
Լորի դաշտից քեզ խիղճ բերեմ
Ու անտեսած ցորնահասկ,
Քարեր գետնեմ, բայց խիճ բերեմ,
Դնեմ ափիդ բաց ու տաք…
Լորի դաշտից քեզ երգ բերեմ,
Այն ձայնով է նա երգում.-
Ու տխրության եզերք բերեմ,
Որ տխրենք մեր եզերքում…
Լորի դաշտից քեզ սեր բերեմ,
Սեղմած սրտիս զենիթին.
Եվ համբերեմ, և համբերեմ,
Ինչպես Ադամ` Լիլիթին…
Լորից դաշտից քեզ ձյուն բերեմ,
Ձեռքիս մեջ է հալչում նա.
Ու ձյունախառն արցունք բերեմ
Ու մի պտղունց մանանա…
ԵՐԵՔ ՎԵՑՆՅԱԿ
***
Ես այն գայլից եմ,
Որ անհայրենիք
Գնում է մենակ…
Եվ հավերժ մենակ
Գտանում էլի
Հետքերն իր դարձի…
***
Ես այն ցեղից եմ,
Որ անապաստան
Ապաստան ունի…
Որ Նժդեհ ունի
Եվ կնճիռ հայացք
Խուստուփաբարո…
***
Այն սաղմոսից եմ,
Ուր Աստվածն անգամ
Անզոր է ապրել…
Վերապրումի պես
Եվ կոչում է նա
Եվ կոչվում` Նարեկ…
Ատոմ Հակոբյան