Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՆԵԼԼԻ ԳԵՂԱՄԱ․ ԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՍԻՐԱՀԱՐՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Նելլի Գեղաման (Նելլի Վազգենի Ղարիբյան) ծնվել է1989 թվականին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ 1996 — 2006 թվականներին  սովորել եւ ավարտել է  Գավառի  7  Գ. Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը,  2006 — 2010 թվականներին՝  Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը։ Նելլի Գեղաման ստեղծագործում է թե’ արձակ, և թե’ չափածո ժանրերով։ Ունի տպագրված մեկ հեղինակայի գիրք՝ «Կարմիր կակաչներ» վերնագրով։ Տպագրվել է նաեւ մի շարք համահեղինակային գրքերում։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Նելլի Գեղամայի կերտած գրականությունը շատ ավելի փառաբանում է հայրենի եզերքի մարդուն, հարազատ բնաշխարհի գեղեցկությունները, կերպավորում  ու երանգավորում մարդկային սիրո աշխարհի հուզական ապրումները, դատապարտում մարդկային արատները, կյանքի անարդարությունը՝ միշտ գնալով ճշմարտության ու ազնվության, գեղեցկության որոնման ճանապարհով։

Նա գտել է իր գրական ճանապարհի ուրույն ձեռագիրը՝ ընթերցողներին ներկայանալով  համեմված բառապաշարով, պարզ ու անպաճույճ լեզվով, հստակ ասելիքով։

«Գեղամա աշխարհ» թերթի ընթերցողներին նա ներկայանում է առաջին անգամ։

Խոսրով   Խլղաթյան

 

***

Հոգնել է օրը մարդկանց հոգսերից,

Ծանրացրել ուսը մեղքերի բեռից,

Աշխարհն անվարան առաջ է շարժվում,

Իսկ հոգնած օրը ժամերն է հաշվում…

Ժամերն է հաշվում… մարում է օրը,

Մեռնու՜մ է դանդաղ` մեղքը ուսերին,

Եվ չի հասկանում, թե այդ ե՞րբ, ու ո՞վ

Նոր մեղքեր բարդեց իր նուրբ ուսերին։

Աշխարհն անտարբեր մարդկային ցավին`

Առաջ է շարժվում և հետ չի նայում,

Անտարբեր… սովոր անարդար դավին՝

Թույլերին անգամ չի էլ նկատում…

Հոգնել է օրը, ծանրացել մեղքից,

Ամբոխն է սուրում` հետ չընկնի հերթից…

…Այս աշխարհն ու՞ր է տանում լավերին,

Եվ արդյոք ի՞նչ ենք պարտք մենք աշխարհին…

 

 

***

Եվ թղթի վրա

մի փոքրիկ կաթիլ

Արցունք էր ցնդում…

Իր վերջին շունչն էր

Աշխարհին պատմում…

Ականատեսս,

Որ հազար անգամ

Լուսաբացները

Գիրկս եմ առել,

Այժմ թվում է,

Թե հազար տեղից

Հարված եմ առել

Ու խճճվել եմ

Այս համատարած

Կյանքի քաոսում…

Իսկ բեկորներս

Հատիկ առ հատիկ

Ցրիվ եմ տալիս

Ու աշխարհի հետ,

Որ ասես լինի

Ահռելի մի սուտ,

Կռիվ եմ տալիս…

Չէ՜, ոչինչ չունեմ

Ես աշխարհի դեմ,

Պարզապես կյանքը

Կոկորդս բռնած

Տեղապտույտի

փոթորիկ է խենթ…

26.10.26

 

***

Ինձ խաբում է գիշերը`

Ցերեկներս գողանում,

Գիտե՞ս քանի գիշեր է`

Ես քեզանով եմ այրվում։

Աստղաբույլ է ժպիտդ,

Ինձ գերում է, հմայում,

Գիտե՞ս քանի տարի է`

Քեզանով եմ զմայլվում։

Գունաթափ այս գիշերին

Գուցե սիրտս ես բացեմ,

Կարծում ես, թե հե՞շտ է ինձ,

Ո՞նց այսքան ցավ ես տանեմ։

Ամեն գիշեր գրկում եմ

Հայացքդ, որ ինձ թողել,

Սիրտ ու հոգիս հույսերով

Ու սիրով է ողողել։

Բայց գիշերը խաբում է,

Ցերեկներս գողանում,

Արդեն քանի՜ տարի է`

Քո սիրով եմ գոհանում…

28.10.24

 

***

 

Երբ աչքերդ կփակես`

հիշիր, որ մի անկյունում

Մեկը թաքուն իր բարձին

քո աչքերից է պատմում։

Երբ շուրթերդ կխոսեն`

հիշիր, որ քո շուրթերից

Մեկը քնքուշ, մեղմորեն

բյուր համբույրներ էր քաղում։

Երբ մատներդ կշարժես`

հիշիր, որ  կոշտ ձեռքերդ

Մեկի հոգուն խենթորեն

դող են տվել տենդագին։

Երբ հայացքդ կթեքես

դեպի կապույտ երկինքը,

Հիշիր` մեկը կարծում էր,

Թե հոգիդ է երկինքը…

 

ՀԻ՜Ն ԹԱԽԻԾ

Հաճախ, շա՜տ հաճախ,

Ինչ-որ մի թախիծ,

Որ մամռոտել է,

Նստում է սրտիս։

Երկար, շա՜տ երկար

Այն չի՛ լքում ինձ…

Թե ի՞նչ է ուզում,

Մտքինը ի՞նչ է.

Դժվար է սակայն

Գլուխ հանելը,

Թախծում եմ միայն…

Մի ժամանակ էր…

Անցել է միայն

Քսան ձիգ տարի,

Կամ թե մի քիչ քիչ`

Մի երկուս պակաս…

Մի երկուս պակաս

Այդ քսան տարուց`

Ես մանուկ էի…

Մանուկ են լինում ,

Երբ հորանց տանն են…

Հիմա ինչի՞ց է,

Որ ծանր թախիծ,

Որ մի հի՜ն թախիծ,

Ա՜խ, մամռոտել է…

…բայց ինչի՞ց է, որ

Հանգիստ չի տալիս…

03.06.25

 

 

***

Աշխարհի ցավը

Երգերիս առա,

Մի պուճու՜ր-պուճուր

Ժամանակի մեջ

Ես երգիչ դարձա․․․

Ու երգերիս մեջ

Եղավ ժամանակ,

Որ սեր երգեցի,

Ու օրեր եկան`

Վերքեր երգեցի…

Հուշիս թելերը

Հատի՜կ առ հատիկ

Մանեցի կյանքիս

Ոլորաններին,

Ու փոքրի՜կ-փոքրիկ

Իլիկի նման

Կծիկը մի օր

Քանդեց ու փռեց

Արևին կյանքիս

Պակասն ու թերին…

Ես ինչպե՞ս, ինչու՞

Երգեցի վերքեր,

Երբ սեր էր բերում

Քամին հուշերիս,

Մի բուռ կրակն էր

Քամին այդ այրում,

Երբ ջերմացնում էր

Կրակն իմ հոգին,

Ու ժամանակն իմ

Հոսում էր անհետք…

Եվ հարց եմ տալիս

Ինքս իմ բախտին.

-Այդ ինչի՞ց է, որ

Հուշերս մի օր

Ես մեկիկ-մեկիկ

Կարկատեցի լուռ

Ներկայիս սրտին

Ու համբերատար

Դեռ  հետևում եմ

Այս կյանքի երթին….

01.06.25

 

***

Իմ տագնապները հոգեվարքի մեջ լու՜ռ տառապում են,

Ու որբացել են կարոտները իմ` անսեր, անաստված։

Ես վերջին անգամ հոգուս դռները գոցել եմ ցավից`

Հայացքս երկինք` կապույտը դեպի, զորավոր Աստված…

Ես բաց եմ թողնում այն հի՜ն թանկերին,

Այն հի՜ն դավերին, որոնք վերքեր ու ցավեր են տալիս,

Եվ մնաս բարյավ դեռ պիտի ասեմ

Այն խելագարված, դժնի օրերին, որոնք հորդացած արյուն են լալիս…

Իսկ հավատները, որոնք մարած են,

Պատուհանից դուրս  մրսում են ցավից,

Մոմի լույսի պես վերջապես հանգչում

Եվ աղերս չունեն ու հիշողություն` մանուկ անցյալից…

Իմ տագնապները հոգեվարքի մեջ լու՜ռ տառապում են,

Ու որբացել են կարոտները իմ` անսեր, անաստված…

Իսկ մի ժամանակ ես մանուկ էի և խենթ ու խելառ,

Սիրտը իմ մանկան չի եղել երբեք ցաված ու պարտված…

 

ՏԱՏԻՍ ԹՈՆԻՐԸ

 

Հաճախ եմ հիշում տատիս թոնիրը,

Հիմա էլ այն կա,

Ապրում է` որպես լուռ խորհրդանիշ՝

Բարեկեցության և առատության։

Թոնիրը այդ կա,

Բայց էլ չի՜ շնչում` ինչպես հնում էր։

Այն միշտ ապրում է և ինձ հիշեցնում

Իմ խենթ մանկության

Ոսկե դրվագներ, որ հար — հավիտյան

Ինձ հետ կմնան…

Թոնիրը այդ կա,

Որ իմ մանկության բույրն էր միշտ շնչում,

Բայց, տա՜տ իմ, թոնիրը վառող,

Հաց թխող չկա՜…

Թեպետ հիմա էլ թխվում են

Կարմիր, պլպլան, անուշ լավաշ, գաթաներ,

Չեն զանազանվում քո թոնրի հացից,

Բայց, ի՞նչ թաքցնեմ,

Էն համը չկա՜…

Տատ ջան, գուցե և թոնիրը այդ քո

Ինձ նման խենթ — խենթ,

Միտք է միշտ անում,

Երբեմն գուցե և արտասվում է

Ու թաքուն — թաքուն

Երազում է գեթ մի նոր լուսաբաց,

Որ կրակ գցեն սառած իր հոգում,

Փակեն վերքերը,

Սակայն, ա՜խ, տատ ջան,

Թոնրի վերքերի մասին չե՜ն հոգում..

***

Տե՜ր իմ, ես մեղա՜,

Թե մեղքերով լի այս աշխարհի մեջ`

Իմ բաժին մեղքի ո՛չ տերը եղա

Ո՛չ էլ մի կարգին ապաշխարեցի…

Տե՜ր իմ, ես մեղա՜,

Թե որ վատնեցի ժամանակը իմ,

Ու մատնելով քեզ Հուդայի նման`

Ես իմ մեղքերի պատանդը եղա…

Տե՜ր իմ, ես մեղա՜…

Բայց թե կամենաս, անսահման լույսից

Մի մասնիկ բաշխիր ինձ` մեղավորիս,

Ու գթա՜, ների՜ր, Տե՛ր իմ, ես մեղա՜…

 

***

Մահը այնքան քաղցր է,

Երբ ապրելդ չի գալիս,

Երբ անմեղ ու մեղավոր

Վերքիդ վրա են լալիս…

Ապրողների մեղքերը

Չապրողներն են լվանում,

Աշխարհում այս անարդար

Անմեղներն են մահանում…

Մահը ի՞նչ է, երբ կարգին

Կյանքի համը չես առել,

Երբ օրերը քո չապրած

Հուշերի հետ ես վառել…

Անցյալն ի՞նչ է, երբ դատարկ

Հուշատետր  ես սևագրել,

Ամեն անցնող-դարձողին

Կյանքիդ մեջ ես ներառել…

Ախր մահը քաղցր է,

Երբ ապրելդ չի գալիս,

Երբ երկինք ու երկիրը

Վերքիդ վրա են լալիս…

 

***

 

Չէ, էս կյանքը իմը չէ, էն մեկն էլ իմը չէ, որի մասին երազել եմ, էն մյուսն էլ իմը չէ, որի մասին պատմում են, էն էլ` որ կարող էր իմը լինել…

Չէ՜, ես էս աշխարհից չեմ, ձեր մի մասնիկը չեմ, մի ուրիշ, մի այլ աշխարհից եմ, որտեղ երկինքը միշտ կապույտ է (ամպրոպը հեքիաթային երաժշտություն է պարզապես), որտեղ այդ կապույտ երկնքում միշտ ազատ թռչուններն են ճախրում, որտեղ մարդիկ էլ այնքան ազատ են, որ թռչունների պես են սավառնում, որտեղ արցունքը բյուրեղյա մի մարգարիտ է, իսկ ժպիտը` անձրևից հետո բացված ծիածան։ Ես էն աշխարհից եմ, որտեղ ցավը մի կապոց է, որին գետակում են թողել, գետակն էլ` քչքչալով քշե՜լ տարել է, որտեղ հոգսը միայն այս սարից այն ձոր, այս դաշտից այն այգի անցնելն է… հա, ու որտեղ դաշտերը միշտ կանաչ են, հասկը ծփում է ու երիցուկը աչքով է անում անցորդին, իսկ մարդիկ… մարդիկ չգիտեն` ծերությունն ինչ է…

Հա՛, ես այդ աշխարհից եմ։ Բազմաթիվ անգամներ իմ աշխարհը կանչել է ինձ։ Ես պարզապես սպասում եմ, որ այս ծանր երազից արթնանամ… ապառաժի պես կանգուն, թանաքի պես լղոզված, մաստակի պես կպչո՜ւն, ծա՜նր երազից…

Նելլի Գեղամա

117 դիտում