Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համայնքում բացվել է «Երազանք» հեծանվային  արահետ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում բացվել է «Երազանք» անունը կրող հեծանվային արահետ։

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  բացման արարողությանը մաասնակցել են  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հեծանվասեր պատանիներ, դպրոցականներ և մեծահասակներ։ Արահետը ձգվում է 6 կիլոմետր երկարությամբ՝ լի արկածներով, գեղեցիկ տեսարաններով ու դրական էներգիայով։

Օրվա ամենասպասված իրադարձություններից է եղել  հեծանվարշավը, որը մեկնարկել է «Երազանքի այգուց» և պարեկների ուղեկցությամբ հասել  մինչև «Երազանքի արահետ»։ Մասնակիցները հաղթահարել են  վերելքները, վայելել  Սևանի հիասքանչ բնապատկերները։

Արահետը  կահավորված է ուղղորդող ցուցանակներով, որոնք օգնում են հեծանվորդներին՝ հեշտությամբ կողմնորոշվել, ինչպես նաև ներկայացնում են հետաքրքիր տեղեկություններ Սևանի մասին՝ դառնալով յուրօրինակ ուղեցույց քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար։ Տեղադրվել են նաև հեծանվային հատուկ կանգառներ։

Հեծանվային մշակույթի ձևավորման և համայնքում նախաձեռնության իրականացման գործում ներդրում ունենալու համար «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ Գոհար Մնացականյանը հուշանվերներ է հանձնել  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանին, աշխատակազմի ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Նարինե Հարությունյանին, հեծանվային սպորտի մարզիչ Արմեն Երիցյանին և  «SevanVELOtime» նախաձեռնության հեղինակ Հերմինե Անդրիկյանին։

Ծրագիրն իրականացվել է «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից՝ «The Stirling Foundation»-ի աջակցությամբ։ Ծրագրում իր ներդրումն է ունեցել նաև Սևան համայնքը։

Գեղամա աշխարհ

4 դիտում