
Մշակույթի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի մշակույթի տանը կազմակերպվել է գունեղ և բազմաբովանդակ ցուցահանդես՝ կենտրոնում գործող երեք խմբակների աշխատանքների ներկայացմամբ։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ցուցահանդեսին ներկայացվել են «Նկարչություն» (խմբակավար՝ Անժելա Ալոյան), «Դեկորատիվ կիրառական արվեստ և կավագործություն» (խմբակավար՝ Լիանա Թաթոսյան), «Կար ու ձև» (խմբակավար՝ Շողեր Պետրոսյան) խմբակների սաների ձեռքի աշխատանքները։
Կենտրոնի սաները ներկայացրել են իրենց ստեղծագործական աշխատանքները՝ ցուցադրելով արվեստի տարբեր ուղղություններ՝ գծանկարչություն, գեղանկարչություն, բատիկ, կոմպոզիցիա, գորգագործություն, կավագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, հելյունագործություն, ուլունքագործություն, ձեռքի կար, դիզայն և այլ մշակութային ձևեր։
Հատուկ ուշադրության են արժանացել նաև «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակում ներկայացված մրցութային աշխատանքները, որոնք ստեղծվել էին «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Դրանք ստեղծագործաբար արտացոլում էին էներգախնայողության, վերականգնվող էներգիայի և կայուն զարգացման գաղափարները՝ ընդգծելով արվեստի և բնապահպանական մտածողության ներդաշնակությունը։
«Ցուցահանդեսը դարձավ մշակույթի, ստեղծարարության և ժամանակակից արժեքների համադրության յուրահատուկ հարթակ՝ մեկտեղելով ավանդականն ու նորարարությունը։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ