
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղն իրենից ներկայացնում է պատմաճարտարապետական հուշարձանների մի անվերջանալի տիրույթ ու հոգեւոր արժեքների հարուստ գանձարան։
Բավական է ասել, որ այս բնակավայրը, Շողագա անվամբ, կապվում է Հայոց արքա Աշոտ Առաջին Բագրատունու դուստր, Սյունյաց տիրուհի Մարիամի անվան հետ։
Միջնադարյան հայ նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ` Մարիամը մեծ գումարով այս տարածքը փրկագնել է արաբ իշխանից ու նվիրել իր հովանավորության ներքո կառուցված Շողագա վանքին, որի միայն հյուսիսային պատն է այսօր մնացել կանգուն։

Շողագավանքի պատմության ու ճարտարապետության մասին հանդես կգամ առանձին հրապարակմամբ, իսկ այժմ ձեր ուշադրությանը կարժանացնեմ Յոթ քույրերի խաչքարերի պատմությունը, որը ներկայացրեց Ձորագյուղի բնակիչ, Շողագավանքի ավերակների հարեւանությամբ ապրող Հակոբ Հակոբյանը։
Նա մեզ առաջնորդեց դեպի իր տան բակ ու տնամերձ հողամաս, որի հարավային կողմում, Շողվագ գետի ափից քիչ հյուսիս, ցույց տվեց մարդկային աչքից հեռու ու թաքնված հրաշքը։
Հողե թմբի տակ, մի ծառի շվաքում ու բարձրացած կանաչների մեջ թաքնված էին գեղաքանդակ յոթ խաչքարերը, որոնք իրենց կերտվածքով նման են իններորդ դարի խաչքարերին։
Խաչքարերի դիմաց բխում է պաղպաջուն աղբյուրը, որն առավել սրբացնում է թե տեղանքը, թե դարերի հեռվից մեզ հասած պատմամշակութային հրաշալիքները։
Խաչքարերին կպած մոմերի մնացորդները հուշում են, որ այս սրբավայրը շատ այցելուների է ձգում իրեն։
Հակոբ Հակոբյանի պատմելով` ինչպես լսել է իր մեծերից, այստեղ ամփոփված են յոթ քույրերի մարմինները, ու ամեն խաչքար կանգնեցված է նրանցից յուրաքանչյուրի պատվին։ Ամենայն հավանականությամբ, նրանք հանուն հավատի սրբացած նահատակներ են։

-Այս աղբյուրին Գըռի աղբյուր են կոչում, քանի որ սրա ջուրը բուժիչ է բորոտ, մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, որոնց մեր բարբառով ,,Գըռոտ,, են կոչում,- ասաց Հակոբ Հակոբյանը։
Գողտրիկ այս անկյունը տարածվում է կանաչազարդ մի ձորի մեջ, որով հոսում է Շողվագ գետը, որի հարավային, արեւմտյան ու արեւելյան բարձունքները ներկայանում են շռայլ ու բացառիկ բնապատկերներով։
Այս ամենով զմայլվելու պահին մտքումս առկայծեց մեծ բանաստեղծի խոսքը.
-Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես…
Խոսրով խլղաթյան