
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր գյուղում արդեն տրվել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագրով նախատեսված շինաշխատանքների մեկնարկը։
Ինչպես տեղեկացրեց Զովաբերի վարչական ղեկավար Սամվել Եսայանը, մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 340 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախաատեսվում է շենքի տանիքի, հատակի, սանհանգույցների, էներգամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման համայկարգերի հիմնանորոգում, նոր դռների ու պատուհանների տեղադրում, բակային տարածքի բարեկարգում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։
«Մանկապարտեզի հիմնանորոգման խնդիրն օրակարգային էր, որի լուծումն արդեն մեզ թույլ կտա՝ լիարժեքորեն օգտագործել շենքային պայմանները, ավելացնել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը՝ ապահովելով նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը:Մինչ շենքի հիմնանորոգումը Զովաբերի մանկապարտեզը գործում էր 1 խմբով՝ 30 տեղով։ Շենքի հիմնարոգոգումից հետո արդեն կունենանք 2 խումբ՝ 60 սանով, որոնց համար ապահովված կլինեն արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները»,-ներկայացրեց Սամվել Եսայանը։
Գեղամա աշխարհ