Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մաքենիսում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում  սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմում են 1 միլիարդ 657 միլիոն 38 հազար դրամ։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 5-ը սուբվենցիոն են՝ 104 միլիոն 311 հազար 923 դրամ ընդհանուր արժեքով, և երկուսը՝ պետական՝ 1 միլիարդ 552 միլիոն 727 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Մաքենիսում կառուցվել է 2600 մետր արտաքին լուսավորության ցանց, 800 մետր ոռոգման, 1500 մետր խմելու ջրատար ցանցեր, 800 գծամետր մայթ, 800 մետր ջրահեռացման առուներ, հիմնանորոգվել 1200 գծամետր մարզային ու ներհամայնքային նշանակության ճանապարհ, հանդիսությունների սրահ։

Ընթացքի մեջ է Մաքենիսի կրթահամալիրի կառուցումը ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, 1 միլիարդ 400 միլիոն դրամ արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի մարտ ամսից և կավարտվեն 2027 թվականին։

Պետական մեկ այլ ծրագրով հիմնանորոգվել է Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի Մաքենիսի հատվածը՝ շուրջ 152 միլիոն 727 հազար դրամ արժեքով։

Գեղամա աշխարհ

1 դիտում