
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 20 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 2 միլիարդ 6 միլիոն 202 հազար 427 դրամ։
Իրականացված ծրագրերից 17-ը սուբվենցիոն են՝ 784 միլիոն 202 հազար 427 դրամ ընդհանուր արժեքով, և 3-ը՝ պետական՝ 1 միլիարդ 222 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։
Իրականացված աշխատանքների արդյունքում Սարուխանում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 17000 մետր արտաքին լուսավորության ցանց, 8810 քառակուսի մետր ասֆալտապատ մայթեր, 1780 մետր ջրահեռացման, 2260 մետր ոռոգման, 3150 մետր խմելու ջրատարներ, 1 մանկական խաղահրապարակ, 2 կամուրջ, Գավառի բնության ու պատմության հուշարձանների գովազդային վահանակներ կրող ավտոսպասարկման կանգառ, հիմնանորոգվել ներհամայնքային ու մարզային նշանակության 6855 մետր ճանապարհ, թիվ 1 մանկապարտեզի շենքը, վերանորոգվել թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը։
Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի Սարուխանի հատվածը, 3610 գծամետր երկարությամբ, հիմնանորոգվել է պետական ծրագրով, շուրջ 890 միլիոն դրամի ներդրմամբ, 2023-2025 թվականների ընթացքում։
Պետական երկրորդ ծրագրով, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով, 92 միլիոն դրամի ներդրմամբ, կառուցվել է 2800 մետր խմելու ջրատարի ներքին ցանց։
Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է պետբուջեի միջոցներով, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, 238 միլիոն դրամ արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հուլիսին և ավարտվել 2026 թվականի մարտ ամսին։