Այսօր գործով անցնում էի Գավառ քաղաքի բանտի հին շենքի մոտով ու հանկարծ որոշեցի ներս մտնել, լուսանկարել այն դատարկ ու կիսավեր խցերը, որտեղ մի ժամանակ տառապել ու իրենց պատիժն են կրել ինչպես ծանր հանցագործները, այնպես էլ շատ անմեղ, բռնադատված մարդիկ։
Հետո հիշեցի, որ ժամանակին Գավառի բանտի մասին Գեղամա աշխարհ թերթում տպագրել եմ մանրակրկիտ, հետաքրքիր ուսումնասիրություն` Սարուխան գյուղի բնակիչ, մանկավարժ, մտավորական Խաչիկ Ենգիբարյանի հեղինակությամբ, որը եւ ցանկանում եմ ներկայացնել ընթերցողների ուշադրությանը։
Գորոյ՚ կամրջից քիչ վերեւ հայտնի բանտն է, որի տեսքը այսօր էլ ճնշող ազդեցություն է թողնում դիտողների վրա: Մոլականի դարի հյուսիսային կողմի զառիթափին դեռեւս ցարական կառավարության ժամանակ 1868 թվականին եղել է փոքրաքանակ զորախմբով նախկին բերդը, ուր ռուս անձնակազմի համար նաեւ եկեղեցի է շինվել: Սակայն բանտի մտահղացման ու կառուցման շարժառիթը եկավ 1874 թվականի մի գիշեր, երբ Թութունջյանների տանը սահմռկեցուցիչ սպանություն տեղի ունեցավ: Տան ընտանիքի ութ անդամներ նահատակ դարձան Ղազախից եկած հանցագործ մի խմբի ձեռքով: Չեն սպանում միայն տան ծառային, բայց լեզուն են կտրում: Բարեբախտաբար Թութունջյանների տան հարսը այդ գիշեր տանը չի լինում: Հղի լինելու պատճառով Կոլոտ Հայրապետ աղայի կնոջ փոքր քույրն այդ օրը գիշերում է քրոջ մոտ, Կոլոտի ընտանիքում:
Պատահականություն չի լինում դրանում: Կոլոտին հայտնի է դառնում, որ տարածքում վխտում է հանցագործների մի խումբ: Այդ հանցագործ աշխարհի շշուկներից Հայրապետ աղի ականջին է հասնում, որ նրանք եկել են ունեւորների տները թալանելու: Այսպիսի ունեւորներից մեկն էլ Թութունջենք էին: Կնոջ միջոցով, նրա հղի քրոջը` Բալասանին, ապահովության համար գիշերները պահում է իրենց տանը: Կոլոտը հաճախ կարծիք է տանում Թութունջենց տան վրա, քանի որ նրանց տունը ընկած էր Գավառագետի ափին, կամրջի աղմկոտ ջրերից ոչ հեռու, եւ աղմուկը չէր հասնի քնածներին: Դժբախտաբար, չարագուշակ կասկածն իրականանում է: Լույսը բացվելուն պես լուրը կայծակի պես ճայթում է քաղաքում: Թութունջյանների կողոպտված ունեցվածքն ու ոսկիները առած` անհայտանում են հանցագործները:
Յոթ տապանաքարերը կողք կողքի մինչեւ այսօր խորասուզված են հողի մեջ, որոնց վրա մարդիկ գալիս, լվացվում են եւ շշեր ջարդում: Վախեցածները կամ անհաջողությունների մատնվածները ցանկանում են, որ Աստված իրենց զերծ պահի չարից: ՙԱյս է հանգիստ ոսկերացդ Պարոն Հարութին Թութունջյանցի, որ ննջէ այս տապանիս: Մինչ լույուս է եկ առիս…՚ Նրա կին Բալասանը մահացել է 1898թ. հոկտեմբերի 15-ին: Միակ երեխան, որ ծնվեց 1875 թվականին, Թադեւոսն էր: Թութունջյանների օջախի ծուխը չմարեց եւ շարունակեց ծխալ մանկան առաջին ճիչով:
Այդպես էլ անհայտ մնացին ինչպես հանցագործների, այնպես էլ գանձերի հետքերը: 1970 թվականին Արմենակ Ղազանչյանը հիշատակել է, որ մեղադրյալների շարքին է դասվել նաեւ Ալեքսանդր Բաղդասարյանը, ով, ասում են, մեղք չի ունեցել սպանության գործում:
Բոլորովին անմեղ մարդուն տաս տարով քշում են Սիբիր` ծանր աշխատանք կատարելու ոսկու հանքերում: Սիբիրում բանտարկված տարիներին նա խնայում է բավականաչափ փող, ձախ ճանապարհով ոսկի ձեռք բերում եւ վերադառնում Նոր Բայազետ ու որոշում է կառուցել այնպիսի մի բանտ, որ իր երկրի մարդիկ բանտ չնստեն սիբիրներում, եւ տեղի պատժվածներին հնարավորություն լինի` հարազատների հետ գոնե տարին մի քանի անգամ շփվել: Արխիվային փաստաթղթերից երեւում է, որ Անդրբայկալյան բանտից վերադառնալուց հետո Ալեքսանդրը հաշվառվել է 1902 թվականին:

Թութունջյանների սպանությունների թանձր մշուշը մինչեւ այսօր էլ չի ցրվում սերունդների պատեհ, թե անպատեհ զրույցներից:
Թադեւոս Նալբանդյանի ՙՕջախներ եւ տխուր ճակատագրեր՚ ուշագրավ հոդվածում նշվում է, որ նախկին ռուսական անշուք բանտի տեղում Բաղդասարյանի նյութական միջոցներով կառուցվում է ժամանակակից Քյավառա բանտը: Բաղդասարյանը սերում էր ունեւոր տոհմի ընտանիքից;
Սկսվում է ամուր ու բարձր պարիսպներով բերդի կառուցումը: Մեկ մետր պատերի հաստության համար գործածվող կավե շաղախը եւ խճաքարերը շարաքարերը այնպես են գրկում` ինչպես երկաթ-բետոնյա շաղախն է: Ծածկի հաստաբեստ հեծանները յուրաքանչյուրը 80 սմ հեռավորության վրա զարմանալիորեն մշակված, հղկված ու կանոնավոր են այնքան, որ չեն կորցրել թարմությունը նույնիսկ 70 տարի անց: Բանտի ներսի պատժախցերի պատերի կտրտվածքները, ձեւավորումները իրենց ինքնատիպությամբ երկրորդն են համարվում Պորտ-Ջեկսոն /Ավստրալիա/ ծովածոցի բանտից հետո: Այդպես էլ երբեմն անվանում են Գավառի բանտը` Սիդնեյի բանտ: 1917 թվականին վերջնականապես, բանտի գեղարարական հարդարումներից հետո, Բաղդասարյանը պատրաստում է մի շքեղ կառք եւ մեկնում Երեւան: Ֆայտոնի մեջ Գրիգոր Կարգանովն էր վերադառնում Նոր Բայազետ: Նա նոր էր ընտրվել ժամանակավոր կառավարության ներկայացուցիչ: Մայիսին էր: Կորգանովը, / Ղորղանյան/ ուշադիր դիտելով բանտը, շահագործման թույլտվություն է տալիս, միաժամանակ ապսպրում այն ապահովել ջրով, սանիտարա-հիգիենիկ ծառայությունով, բժիշկներով, պահակազորով եւ մի քանի մասնավոր խնդիրներով, որից հետո կնքում պայամանագիր` բանտը վարձով շահագործելու համար: Կորգանովը ֆայտոն նստելուց առաջ հետ է նայում. ՙԿուզեք վարձը միանգամից տամ, կամ տարին երկու անգամ վճարեմ՚:
1918 թվականի մայիսի 1-ին Երեւանի նահանգային կոմիտեի հրամանով Չալդրանովին նշանակում են Նոր Բայազետի բանտի պետ, իսկ Ադամյանցին` Գավառի կոմիսարիատի քարտուղար:
Բանտի արեւմտյան լուսամուտների հարեւանությամբ գտնվում էր Բեգլար Նալբանդյանի երկհարականի գեղեցիկ պատշգամբով բնակարանը, որտեղ 1920 թվականին Նալբանդյանը ճաշկերույթ է տվել ի պատիվ մեծ զորավար Գարեգին Նժդեհի եւ նրա համահարզների: Բոլշեւիկների իշխանության գալուց մեկ տարի հետո այն բռնագրավվեց եւ օգտագործվեց որպես բանտի հիվանդանոց: Շատ հաճախակի բանտարկյալներին հանում էին աշխատանքի: Բանտարկյալների ձեռքով կառուցվեց Բայազետի եւ Արծվաքարի հիդրոկայանները, հանքային ջրի գործարանի` խաս քարերով շարված պատերը: Բանտում նստածին քննության տանելիս երկու ավտոմատավոր զինվոր, մեկը առջեւից, մյուսը` հետեւից, ուղեկցում էին քննության: Այդպես է հիշում 1944-45 թվականներին կոլխոզի հացահատիկի գողության համար դատապարտված կոմբայնավար Հովհաննես Ճաթեյանը: Այդ ժամանակ բերդի պետ էր նշանակվել Երեւանից, ում կինն էլ բերդի բուժքույրն էր, շրջանի դատախազը` Թումանյանը: Խորհրդային տարիներին շատերն են բանտ նստել քաղաքական հայացքների կամ բողոքներ արտահայտելու պատճառով: Բռնության տարիներին նրանցից ոմանք գնդակահարվեցին` Բ. Գ. Ավետիսյան, Ա. Խ. Բալագոզյան, Ի. Օ. Բուդումյան, Ռ. Գ. Ազիզյան, իսկ 10 տարի դատվեցին Հակոբ Գալուստի Շահումյանը /Ստ. Շահումյանի հորեղբայրը/, Նանագուլյանը, Ազատյանը եւ շատ ուրիշներ:

Բանտից կալանավորների փախուստը գրեթե բացառվել է: Բացառիկ է եղել 2 դեպք: Պատերազմից առաջ, իսկ վերջինը` 1968 թվականին: Ոմն Սամվել անունով, ծագումով բայազետցի, իր նկատմամբ անարդար դատավճիռ կայացնելու համար ամիսներով քանդում է բերդի պատը, հող ու քարը խնամքով թաքցնում իր նառի տակ: Բացված անցքից ծպտվում է Նորատուսի անտառները: Տեղեկություններով նա իմանում է, որ իր դատող դատավորը պիտի լինի տանը: Օրը ցերեկով նա թափանցում է Վ. Դադոյանի բնակարանը: Տանը միայն հարսն է լինում, որից եւ վրեժխնդիր է լինում փախստականը:
Երբ դատավոր Թորգոմյանը հետաքննություն անցկացնելու նպատակով լինում է բանտում եւ հանցագործ աշխարհի ՙմեծին՚ հարցնում է. պատը քանդողին օժանդակողի մասին, վերջինս խեթ-խեթ հայացքով նայում է Թորգոմյանին, հազիվ լսելի ձայնով պատասխանում. ՙԲա դա իմ գո՞րծն է՚…
1969 թվականին բանտից տեղափոխում են վերջին բանտարկյալին, որով եւ լուծարվում է Քյավառի` աշխարհին հայտնի բերդը: Վերջին բանտապետը երեւանցի Քոլարեցյանն է եղել:
Կիսաքանդ ու կիսավեր բանտի մռայլատես պատուհանները նայում են ՙԳորոյ՚ հին կամուրջից անցնողներին` ծանր տպավորություններ ստեղծելով անցյալի տխուր հուշերի եւ տառապյալ մարդկանց մասին: Ինչ լավ է, որ հիմա արդեն չկան երկաթյա կողպված դռներն ու ամուր ճաղավանդակները:
Խաչիկ Ենգիբարյան