. 
Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 4-րդ բաժանմունքում տեղի ունեցած քննարկումները նվիրվել են տնտեսագիտության արդի հիմնահարցերին։
Ինչպես տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, գիտաժողովի աշխատանքը ղեկավարն է ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը, ով հանդես է եկել «Հանքարդյունաբերող կազմակերպությունների գործունեության կառավարման գնահատումը և բարելավման ուղիները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի օրինակով» թեմայով՝ ԳՊՀ տնտեսագիտություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանի համահեղինակությամբ ներկայացված զեկուցով։
ԳՊՀ հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հակոբ Ղուլոյանն անդրադարձել է տարածաշրջանային բարձրագույն ուսումնական հաստատությունների դերին և տվյալ տարածաշրջանի «կանաչ» տնտեսության ու կայուն զարգացման վրա ազդեցությանը։ «Կանաչ» տնտեսության ընդհանուր բնութագրի և անցման հիմնախնդիրների վերաբերյալ բովանդակալից զեկուցում է ներկայացրել ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի և ՀԱՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Դավիթ Անդրոյանը։
Հայաստանի Հանրապետությունում «Կանաչ» տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ համահեղինակությամբ պատրաստել են զեկուցում նաև Սամվել Ամիրխանյանը և ԳՊՀ ֆինանսներ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ասատրյանը։
Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական խարդախությունների հիմնախնդրին է նվիրվել ԳՊՀ հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանի զեկուցումը։
«Կրիպտոակտիվների կարգավորումը Հայաստանում. ԵՄ և ԱՄՆ փորձի համեմատական
վերլուծություն» թեմայով զեկուցումով հանդես է եկել ՀՊՏՀ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնեսի ամբիոնի ասպիրանտ Լևոն Արքելաթյանը։ Գիտական հոդվածի համահեղինակն է նույն ամբիոնի վարիչ Արմեն Ղազարյանը։
ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Աստղիկ Հովեյանն անդրադարձել է համայնքային զարգացման հիմնախնդիրների վերլուծությանը և զարգացման հեռանկարների գնահատմանը արժեշղթաների կիրառման մոդելի շրջանակում։
ՀՀ արդյունաբերությանը, դրա զարգացման միտումներին է նվիրվել ԳՊՀ հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոսներ Վալերի Առաքելյանի և Սևակ Մարկոսյանի համահեղինակությամբ պատրաստված զեկուցումը։
«Ամբողջական արդյունքային լուծումների մեջ իրականությանը նայելու հնարավոր տարբերակներից մեկը Գավառ համայնքի/քաղաքի՝ Երևանի հետ համեմատության օրինակով» թեմայով հանդես է եկել ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմինե Սչանյանը։
Զեկուցումներն ուղեկցվել են էին բովանդակալից քննարկումներով։
«Ներկայացված առաջարկություններն օգտակար կլինեն ձեռնարկությունների, կազմակերպությունների, համայնքների հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու, «կանաչ» տնտեսությանն անցման հիմնախնդիրները գիտականորեն վերլուծելու առումներով, ինչպես նաև կօգնեն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին՝ գիտահետազոտական աշխատանքներ կատարելիս»,-նշել է գիտաժողովի աշխատանքները ղեկավարող Սամվել Ամիրխանյանը։
Գեղամա աշխարհ