Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Դդմաշենում հանդիսավորությամբ բացվել է նորակառույց մանկական խաղահրապարակը

 

Գեղարքունիքի մարզի  Սևան համայնքի Դդմաշեն գյուղում հանդիսավորությամբ բացվել է նորակառույց մանկական խաղահրապարակը։

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  2025 թվականին Սևան համայնքում իրականացված մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում, որին Սևան համայնքը միացել էր կամավոր հիմունքներով, Դդմաշեն բնակավայրում մեկնարկել են  խաղահրապարակի կառուցման աշխատանքները:

Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում նախատեսված խաղային հրապարակի կառուցման և կահավորման համար Սևան համայնքի բյուջեից հատկացվել է 5 միլիոն 220 հազար  դրամ:

Դդմաշեն բնակավայրի մանկական խաղահրապարակը կահավորվել է նախադպրոցական և կրտսեր տարիքին համապատասխան խաղամիջոցներով, տեղադրվել են նստարաններ, կառուցվել է ցայտաղբյուր, տնկվել են ծառեր, տարածքը ցանկապատվել է:

«Դդմաշեն բնակավայրի փոքրիկներն այսուհետ ունեն ազատ ժամանցի կազմակերպման և անցկացման անվտանգ, հարմարավետ, ապահով, հաճելի միջավայր, որի առաջարկը ծնվել է բնակիչների կողմից, ստացել է ձև և բովանդակություն համայնքի կողմից և համայնքային միջոցներով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Օրը լիարժեք տոն են դարձրել  մուլտհերոսները, խաղավարները, որոնք մի քանի ժամ խաղահրապարակը լցրել են  աշխուժությամբ, ծիծաղով ու բազմաթիվ խաղերով, որը ևս համայնքի նվերն էր փոքրիկներին:

Գեղամա աշխարհ

0 դիտում