
Վարդենիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին համարվում է Գեղարքունիքի մարզի պատմաճարտարապետական գեղեցիկ կոթողներից մեկը, թեեւ ընդամենը մեկ դարից քիչ ավելի տարիք ունի։
Այն կառուցված է 1902-1912 թվականներին, ավելի հին ժամանակներից գոյություն ունեցած եկեղեցու տեղում, ինչի մասին վկայում է ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու նշանավոր գործիչ, հնագետ և պատմաբան Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը իր «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» աշխատության մեջ, այլ նաև եկեղեցու շրջակայքում տարածվող պատմական գերեզմանոցը, որտեղ պահպանվել են միջնադարյան խաչքար-տապանաքերեր։
Եկեղեցու հատակագիծը խաչաձև է, գմբեթը՝ սլացիկ։ Գմբեթի թմբուկի վրա կան երկարավուն լուսամուտներ։ Կառուցված է գունագեղ և սրբատաշ բազալտով, ունի 3 կամարակապ դռներ։ Այստեղ մինչև 19-րդ դարի վերջերը պահվել են մի քանի ձեռագիր ու հին տպագիր գրքեր։
Ահա թե ինչ է վկայում Մեսրոպ Սմբատյանցը, ով գիտական փաստահավաք հատուկ առաքելությամբ Վարդենիս կամ Վասակաշեն բնակավայր է այցելել 1863 թվականին։ «Վերջապես գնալով հասանք Բասարկեչար գյուղը, որ հնումն Վասակաշեն անուն ուներ, որը ո ՞վ գիտե Սյունյաց ո ՞ր Վասակ իշխանն է հիմնել, հայտնի ուրացող Վասա՞ կը՝ թե Գաբուռն անվանյալ Վասակը, կամ գուցե մի ուրիշ Վասակ իշխան: Վասակաշենը մեծ գյուղ լինելով, մի, երկու օր մնացինք, և պարապեցինք եկեղեցական դպրոց բանալու վերա. բայց ժողովուրդը շատ դանդաղ էր շարժում: Եկեղեցին հանուն սուրբ Աստվածածնի վերանորոգված էր չորս տարով առաջ. խաչկալն հին ձևով էր շինված առանց զարդուց: Եկեղեցվո հիմնադիրն էր Սիմեոն քահանայն, ինչպես և մատրան մեծ քարի վերա գրած էր: Բեմի առաջին կան երկու գերեզմանաքարեր, որոց միույն վերա գրած էր. «Այս է հանգիստ Հովհաննես վարդապետին, ՌԼԲ.» (1583): Եվ մյուսույն վերա գրած. «Աստ հանգչի մարմին Սարգիս վարդապետի, Ռ.» (1551): Առաքել պատմագիրն (ԾԴ. 472), գրե. «Ի սույն թվին (ՌԼԲ. 1583), եղև վախճան մեծ և երանաշնորհ վարդապետին մերո Հովհաննիսի. որ էր երկրեն Ծարա. ի վանիցն Թադեու սրբո Առաքելույն… և էր նա աշակերտ մեծ վարդապետին Ղուկասու Հախբատեցվո, հույժ սրբասեր և Աստվածասեր, հեզ և աղոթող, քարոզ ուղղափառաց և հանդիմանող ստահակաց, սիրող ուղղությանց և պատվող տոնախմբությանց, հույժ ընթերցասեր և գրասեր, մինչ զի բազում գրյանս ետ գրել յուրն հիշատակ, և այլ սպասք և զարդք եկեղեցվո հոլովք, և ալևորյալ և լիավուրբք հանգյավ ի Քրիստոս ՌԼԲ թվականիս մերո. որո պատվական մարմինն եդյալ կա ի երկիրն Գեղամա ի գյուղն Վասակաշեն, հուպ դամբարանի վարդապետին Սարգսի. հիշատակ նոցա օրհնությամբ եղիցի».․․․

Այս Հովհաննես վարդապետի Ծարեցվո գերեզմանը պարզ երևում էր եկեղեցվո մեջ, բեմի առաջին, ինչպես գրեցի: Իսկ Սարգիս վարդապետի գերեզմանը, հազիվ էր երևում. որ իհարկե մի նշանավոր մարդ կը լիներ, որ պատմիչը հիշում է անունը:
Եկեղեցվո շրջապատումն կային շատ արձաններ. որոց մի խաչքարի վերա գրված էր. «Աստված ողորմի քաջ Զաւհրապին»: Այս քարի աջակողմումն գրված էր. «Այս է նշան սուրբ Արարչին, ճրագ հոգույն քաջ Զաւհրապին, կանգնեցավ ձեռամբ յուր հավրն Ովաննեսին, և յուր ծնողին, Փաշախաթունին, հիշեցեք ի Քրիստոս»: Կից սորա. «Աստված ողորմի Հովհան նես աղին, Աստված ողորմի Փաշախաթունին, ՋԵ.» (1456): Այս քարի ձախակողմի վերա գրած էր. «Աստուծով մեք Ովհաննես և եղբայրն իմ Դավիթ կանգնեցաք զԽաչերս բարեխավս ծնողաց մերոց: Ի թվ. ՌԸ. ՌԺ.» (1559, 1561): Կար և «Չ. Պ. Ջ.» թվականով խաչեր, (1251, 1351, 1451):
Այս գյուղի ժողովուրդը 1830 թվին գաղթած էին Հին Պայազդու Դիադին գյուղից, այդ պատճառավ նոցա լեզուն և բնությունը քիչ տարբեր էին մյուս գյուղերի ժողովրդից»,-վկայում է Մեսրոպ Սմբատյանցը:
Իսկ ի՞նչ է գրում եկեղեցու մասին հայագետ Երվանդ Լալայանը, ով 1910 թվականին այցելել է Վարդենիս։ «Գյուղը զգալի կերպով առաջանում է եւ նմանվում քաղաքի։ Կան մի քանի կանոնավոր փողոցներ, բավական լավ տներ, մոտ 20 խանութներ և արհեստանոցներ։ Գյուղի կենտրոնում գտնվում է հայոց եկեղեցին, որ նոր են կառուցել, քանդելով հինը։ Սա բավական գեղեցիկ է, սրբատաշ քարից, գմբեթազարդ։ Հին եկեղեցու բեմի առջեւ եղել են գերեզմանաքարեր՝ հետեւյալ տապանագրերով․ «Աստ հանգչի մարմին Սարգիս վարդապետի․ թվ․ Ռ/1551/, Այս է հանգիստ Յովհաննէս վարդապետին․ թվ․ ՌԼԲ/1583/»։

Այս երկու վարդապետներին հիշում է Առաքել Դավրիժեցին, ասելով, որ սրանցից Հովհաննեսը Ծարա երկրից էր, Թադեոս առաքյալի վանքից, Հաղբատեցի Ղուկաս մեծ վարդապետի աշակերտը․ սրբասեր ու գրասեր, որ շատ գրքեր էր գրել տվել եւ եկեղեցու սպասներ եւ զարդեր շինել տվել․ եւ որ «ՌԼԲ թվականիս մերոյ հանգեաւ ի Քրիստոս եւ մարմին նորա եդեալ կայ ի յէրկիրն Գեղամայ ի գիւղն Վասակաշէն, հուպ դամբարանի վարդապետին Սարգիսի»։
«ԺԳ-ԺԵ դարերի թվականները կրող բազմաթիվ խաչերի մեծագույն մասը արդեն կոտրատված, եւ շինություններ վրա է գործածված․ մի քանիսը միայն այժմ կանգնեցված են եկեղեցու շուրջը։ Այս խաչքարերից մեկի վրա փորագրված է․ «Այս է նշան սուրբ Արարչին․ ճրագ հոգվոյն քաջ Զաւհրապին, կանգնեցաւ ձեռամբ իւր հաւրն Ովաննէսի աղին, Աստուած ողորմի Փաշախաթունին ՋԵ /1456/»։ Նույն խաչքարի աջ կողմին՝ «Աստուած ողորմի քաջ Զաւհրապին»։ Ձախ կողմին՝ «Աստուծով մեք Ովհաննէս եւ եղբայրն իմ Դավիթ կանգնեցաք բարեխաւս ծնողաց մերոց ի թվ․ ՌԸ․ՌԺ/ 1559․1561/»։
Երեւում է, որ հարյուր տարի հետո այս խաչքարը վերցրած է իր տեղից եւ դրված մի ուրիշ ննջեցյալի վրա, եւ առանց ջնջելու առաջին տապանագիրը, գրել են երկրորդը։
Վասակաշենից դեպի արեւելք, «Աղբյուրի ակներ» կոչվող տեղամասում կա մի գյուղատեղի, ուր նկատելի են եկեղեցու հիմնապատեր եւ մի քանի խաչքար, սակայն առանց գրության։Այստեղից էլ փոքր-ինչ արեւելք, «Քռերում», կա մի գյուղատեղի, եկեղեցով ու խաչքարերով, բայց առանց գրության։ Վասակաշենի այժմյան բնակիչները հայեր են՝ Տաճկաստանի Դիադին գավառի Թավլի, Աղզաբար եւ Սորանչի գյուղերից 1830 թվականին գաղթած։ Ընդամենը 330 տուն, 1189 արական, 1183 իգական, միասին՝ 2372 հոգի։ Ունեն պետական տարրական դպրոց։ Պարապում են երկրագործությամբ եւ անասնապահությամբ, առեւտրով ու արհեստներով»,-գրում է Երվանդ Լալայանը։
Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցուն ավելի մանրամասն անդրադարձել է անվանի հայագետ, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։
«Գյուղի հին անունը եղել է Վասակաշեն, 10 հարկ չափով, ըստ Ստեփանոս Օրբելյանի ցուցակի, որից երեւում է, որ, ըստ իր մեծության, միջակ գյուղերի շարքում է։ Այժմ այստեղ պահպանված ամենահին հուշարձան-խաչքարն ունի 1426 թվականը և գտնվում է գերեզմանատան մեջ, բայց Սմբատյանը հիշատակում է եկեղեցու մոտ մի խաչքար, որը կրել է Չ /1251/ թվականը։
Գյուղում արձանագրություն ունեցող հուշարձանները երկու վայրում են՝ գերեզմանատանը, որը գտնվում է գյուղի արեւելյան եզրին, շատ ընդարձակ է, բայց նոր բացված խճուղին, անցնելով նրա միջով, բաժանել է այն երեք անջատ մասերի, որոնցից երկուսի մեջ կան հին թվականներով գերեզմանական հուշարձաններ եւ Սուրբ աստվածածին եկեղեցու բակում։
Ներկա եղեղեցին բոլորովին նոր է, շինված 20-րդ դարի սկզբում, հնի վայրում, այն հիմնովին քանդելուց հետո։ Այդ պատճառով էլ նրա ներսում և շրջապատում եղած գերեզմանական հին հուշարձանները վնասվել, կորել կամ մասամբ էլ տեղահան են եղել։ Մնացածներից երեւում է, որ բակում եղել է ընդարձակ գերեզմանատուն։ Խախտված խաչքարերը հավաքված եւ շարված են եկեղեցու պատերի տակ, մի մասն էլ մնացել է իրենց տեղերում։ Ներկա ժողովածուում այս գյուղից ամփոփված են 29 արձանագրություն, որոնցից միայն 6-ն են հրատարակված եղել»,-գրում է Բարխուդարյանը։

Տեղում ուշադիր զննելով Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ նրանից քիչ արեւելք գտնվող ու երկու մասի բաժանված գերեզմանոցի տարածքները, ինչպես նաև հենվելով վերը նշված պատմագիտական վկայությունների վրա, եկանք այն եզրակացության, որ Սուրբ Աստվածածնի մոտից մինչ հին գերեզմանոցների արեւելյան վերջավորությունը ժամանակին կազմել են մեկ ընդհանուր ամբողջություն՝ գործելով մի քանի հարյուրամյակ շարունակ։
Պատմաբան, խաչքարերի արվեստի ուսումնասիրությամբ զբաղվող Սեւակ Արեւշատյանի վկայությամբ՝ այստեղ պահպանված որոշ անարձանագիր խաչքարեր իրենց պատրաստման ոճով վերաբերում են 9-17-րդ դարերին։ Միանգամայն պարզ է նաեւ, որ գերեզմանոցն առավելապես տակնուվրա է եղել թե՛ եկեղեցու, թե՛ խճուղու շինարարությունների ընթացքում, որոնց արդյունքում վնասվել կամ հողի տակ են անցել բազմաթիվ խաչքար- տապանաքարեր, որոնցից շատերը կարող էին վկայել այս հուշարձանի շատ ավելի հստակ ժամանակագրությունների մասին։
Այն, որ Վասակաշեն-Վարդենիս բնակավայրի պատմությունը սկսվում է հեռավոր, անհիշելի ժամանակներից, ոչ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի, քանի որ նրան բոլորեքյան շրջապատող բնակավայրերն անխոս կրում են հազարամյակների պատմության դրոշմները։ Հնագիտական ծանրակշիռ ուսումնասիրությունները փասոում են Ծովակի, Կարճաղբյուրի, Ախպրաձորի, Ակունքի, Այրքի, Սոթքի, Նորաբակի տարածքներում վաղ բրոնզեդարյան կամ երկաթեդարյան ամրոցների, բնակատեղիների գոյության մասին, որոնց մեջտեղում ընկած ու ռազմավիրական ճանապարհների հատման կետ հանդիսացող տարածքը երբեք չէր կարող որեւէ պատմական մեծ ու փոքր տեղաշարժերի արդյունքում որևէ ժամանակ մնալ անմարդաբնակ։
Վարդենիս-Վասակաշենը, գտնվելով Արցախ և Ուտիք աշխարհներ տանող ճանապարհների հանգույցում, շատ հաճախ է ենթարկվել ասպատակությունների ու ավերածությունների, եղել մեծ բանակների բախման ռազմաբեմ։ Սերունդների հիշողության մեջ դեռ թարմ են ոչ միայն Արցախյան գոյամարտերի հետ կապված իրադարձություններ, այլ նաև՝ այստեղ 1918-1919 թվականների ընթացքում թուրք հրոսակների դեմ մղված ինքնապաշտպանական ծանր մարտերը։
Բասարգեչեր օտարահունչ ու եղծված անունն էլ ուղիղ ձեւով կապվում է մի պատմական արհավիրքի հետ, որ հայ սերունդների գլխին բերել է մեծ նվաճող, արյունարբու Լենկթեմուրը։ Արցախի կողմից հսկայական բանակներով ասպատակ սփռելով ու լեռնաշթաների օղակից դուրս գալով Մասրիկի ընդարձակ հարթավայր և շարժվելով դեպի Սևանի ավազանի խորքերը, մարդկության ամենասոսկալի դահիճներից մեկն արտաբերել է՝ Բասարգեչեր, որը թուրքերեն նշանակում է՝ ոտնակոխ արեցի, անցա․․․
Վարդենիսի հին գերեզմանատանը պահպանված մի տապանաքարի արձանագրություն վկայում է պարսից Շահ Աբասի Վասակաշեն գալու մասին, որից միայն կարելի է հետեւություն անել, թե նրա կազմակերպած բռնագաղթից հետո ինչ է մնացել այս շենից։ Ահա Սեդրակ Բարխուդարյանի կողմից վերծանված այդ արձանագրությունը․ « ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՊԱՐՈՆ ՎԱԽՍԻՆ ԿՈՂԱԿԻՑ ՊԱՐՈՆ ՀԱԽՆԱԶԱՐԻՆ ՄԱՅՐ ՆԷՆԱՂՏԻՆ։ ՓՈԽՎԵՑԱՎ ՔՐԻՍՏՈՍ ԷՆ ՏԱՐԻՆ, ՈՐ ՇԱՀ ԱՊԱԶՆ ԵԿԱՎ ԵՐԿԻՐՍ․ ՈՎ ԿԱՐԴԱՅ ԱՍՏՈՒԱԾ ՈՂՈՐՄԻ․ ԹՎ ՌԾԲ /1603/»։

Գերեզմանոցի խաչքարերից մեկին արձանագրված է․ «ԱՅՍ ԱՐՁԱՆ ՆԵՐԿԵԱԼ ԱՐԵՄԱԲՆ ՔՐԻՍՏՈՍԻ Ի ԲԱՐԵԽՈՍ ՀՈԳՈ ՄՈՒՐԱԴԻՆ․ ԹՎ․ ՊՀԴ/1425/։
Մեկ այլ խաչքարի վրա կարդում ենք․ «ԵՍ ՊՈՒՏԱԽՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ ԲԱՐԵԽՈՍ ՈՐԴՈՅ ԻՄ ՄԱՐԳԱՐԻՆ․ ԹՎ․ ՋԿԹ/1520/։
Իրար կից կանգնած երեք խաչքարերից երկուսի վրա գրված է․ «ԵՍ ԹԱԹՈՍ ԷՐԷՑՍ ԿԱՆԿԵՑԻ ԽԱՉՍ ՀԱՒՐ ԻՄ ՓԱՆՈՍԻՆ ԵՒ ԵՂԲԱՅՐԻ ԻՄ ԱՄԻՐԲԵԿԻՆ․ ԹՎ․ ՋՂԷ/1548/։ «ԵՍ ԹԱԹՈՍ ԷՐԵՑՍ ԿԱՆԿՆԵՑԱ ԽԱՉՍ ՄՈՐ ԻՄ ՂԱ․․․»։
Մեծ, խորանարդաձեւ տապանաքարի հարավային կողին կա ցլանման կենդանի, իսկ ետեւը՝ շրջանակ, մեջը՝ խաչ, խաչի շուրջը եւ կենդանու ոտքերի արանքում արձանագրված է 5 տող․ «ԹՎ ՌՂԱ/1642/ ՄԵԼԻՔ ԱԾԱՊԻՆ, ՅՈՒՐ ԿՈՂԱԿԻՑ ՓԱՇԻԿԻՆ»։
Օրորոցաձեւ, մեծ տապանաքարի հարավային երեսին նկատվում են երկու հեծյալ որսորդներ, արանքում ՝ եղջերու, ոտքերի տակ՝ վիշապ, շրջանակներին՝ 4 տող արձանագրություն․ «ՍՈՒՐԲ ԽԱՉՍ ԲԱՐԵԽՈՍ ՄԻՐԶԱԽԱՆԻՆ, ՈՐ Է ՈՐԴԻ ՊԱՂԻՆ, ՅԻՇԵՑԵՔ Ի ՔՐԻՍՏՈՍ ԹՎ․ ՌՃԺԱ/1662/»։
Ճամփին մոտ ընկած մի տափակ տապանաքարին արձանագրված է․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԻՍԱՅԽԱՆԻՆ, ՈՐԴԻ ԽԱՉԱՏՈՒՐԻՆ ԹՎ․ ՌՃԿ /1711/ ԹՎԱԿԱՆ»։
Սա վկայում է այն մասին, որ Վասակաշեն-Վարդենիսում 18-րդ դարում էլ հայ բնակչությունը շարունակել է ապրել ու արարել։
Գերեզմանոցի խաչքար-տապանաքարերի ներքո ամփոփված են նաեւ Բարսեղ քահանայի, Մելիքբեկի, Ամիրբեկի, Ղարագյոզի աճյունները, ինչի մասին փաստում են վերծանված արձանագրությունները։
Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում պահպանված ամենահին թվակիր արձանագրությունը վերաբերում է 1451 թվականին․ «ԿԱՄԱՎՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՍ ՅՈՎԱՆԷՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՀՈՐՆ ԻՄ ԸՌԸՍՏԱԿԵՍ ՔԱՀԱՆԱՅԻՆ, ՈՐԴԻ ՄԻՐԱՆՇԻՆ, ԹՈՌՆ ԱՎԱՆԵՍԱՅ․ ՅԻՇԵՑԵՔ Ի ՔՐԻՍՏՈՍ»։
Գեղաքանդակ մի խաչքարի վրա արձանագրված է միայն ՋԿԱ /1512/ թվականը։ Եկեղեցու բակի խաչքար-տապանաքարերը 16-17-րդ դարերի ընթացքում դրվել են Ավանեսի, Ավատի ու նրա կողակցի, Գուլաղի, Ովանէս աղայի ու նրա կողակից Խանաղի, Շահում աղայի, Ովանէս քահանայի, Տեր Աստվածատուրի շիրիմներին։
Եկեղեցու հյուսիսային պատին հենած խաչքարի թեւերի շուրջը և ստորին մասում կարդում ենք հուզական գիրը․ «ԱՅՍ ԱՐՁԱՆ ՕԾԵԱԼ ԱՐԵՄԱԲՆ ՅԱՐԱՐՉԱԿԱՆ, ԿԱՆԿՆԵԱԼ ՎԱՍՆ ՅՈՀԱՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՀՈԳՈՅՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԹՎ․ ՌԽԷ/1598/։ ՍՈՒՐԲ ՆՇԱՆՍ ՈՒԼՈՒԽԱՆԻՆ Է»։
Որոշ խաչքար- տապանաքարերին պահպանված է Մանվել նկարչի անունը։

Հետաքրքրություն է առաջացնում եկեղեցու բակի հարավային կողմում կանգնած խաչքարը, որի վրա արձանագրված է․ «ԱՍՏՈՒԱԾ ՈՂՈՐՄԻ ՔԱՋ ԶԱՒՀՐԱՊԻՆ․ ԱՅՍ Է ՆՇԱՆ ՍՈՒՐԲ ԱՐԱՐՉԻՆ, ՃՐԱԳ ՀՈԳՈՅՆ ՔԱՋ ԶԱՒՐԱՊԻՆ․ ԿԱՆԿՆԵՑԱՎ ՁԵՌԱՄԲ ՅՈՒՐ ՀՈՐՆ ՈՎԱՆՆԻՍԻՆ, ՅՈՒՐ ԾՆՈՂԱՑ ՓԱՇԱՅԽԱԹՈՒՆԻՆ․ ՅԻՇԵՑԷՔ Ի ՔՐԻՍՏՈՍ․ՄԱՆՎԵԼ /ՆԿԱՐԻՉ/»։
Իսկ խաչքարի դիմաց դիմաց տեղադրված է օրորոցաձեւ մի տապանաքար, որի հարավային կողին պատկերված է հեծյալ եւ հետիոտն որսորդներ, որոնք ձեռքերին ունեն լարած աղեղներ,իսկ նարանց արանքում կա եղջերու։ Հյուսիսային կողին երեք խորաններ են, որոնցից առաջինի մեջ երկլարանի սազ նվագողն է, նրա կողքին պատկերված է հավց եւ ուտելիքի պնակ։ Կենտրոնի խորանում պատկերված մարդն իր ձեռքում պահել էգինու գավը, իսկ երրորդ խորանում պատկերված է մեծ կճուճ՝ վրան դրած գավ, իսկ շրջանակներին արձանագրված է 4 տող․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՔԱՋ ԶԱՒՀՐԱՊԻՆ․ՍԱ ԷՐ ՈՐԴԻ ՈՎԱՆԷՍ ԱՂԻՆ․ ՓՈԽՎԵԱՎ ՔՐԻՍՏՈՍ ՆՈՐԻՆ ԴԱՌՆ ՍՈՒՔ ԵԴՈՂ ՓԱՇԱՅԽԱՓՈՒՆԻՆ»
Զոհրապի խաչքարի կողքին կողքին էլ կանգնած է մեկ այլ գեղաքանդակ խաչքար, որի վրա արձանագրված է․ «ԱՍՏՈՒԱԾ ՈՂՈՐՄԻ ՈՎԱՆԷՍ ԱՂԻՆ»։
Արձանագրություններից հասկացվում է, որ Զոհրապը կյանքից հեռացել է ավելի վաղ, քան իր ծնողներ Ովանէս աղան ու նրա կին Փաշախաթունը՝ նրանց թողնելով ծանր վշտի մեջ։
Միայն ենթադրել կարելի է, որ Զոհրապը զոհվել է մարտում կամ որսի ժամանակ։ Նրան տրված քաջ պատվաբեր տիտղոսը խոսում է նրա հերոսական գործի մասին։
Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին օծվել է 1912 թվականի մայիսի 12-ին ՝ ձեռամբ Տեր Գեւորգ Տեր Նիկողոսի Մանվելյանի։ Ի դեպ, այս երեւելի անձնավորությունը եկեղեցական գործերի հետ մեկտեղ ակտիվորեն մասնակցել է ազգապահպան գործերին ու Վարդենիսի ինքնապաշտպանական մարտերին, որոնք մղվել են 1918-1919 թվականների ընթացքում։ Նորակառույց ու նորաօծ եկեղեցու առաջին մկրտվողը եղել է Վարդենիս քաղաքի բնակիչ Ասատուր Խլոյանը, առաջին կնունքի խաչքավորը՝ Հովհաննես Բոյախչյանը։ Եկեղեցու կառուցման արձանագրությունը գտնվում է կենտրոնական գմբեթի եւ մեծ խաչի միջեւ ընկած գնդի վրա։
Սուրբ Աստվածածինը գործել է մինչև 1937 թվականը, որից հետո խորհրդային իշխանության կողմից փակվել է ու վերածվել կոլտնտեսության հացահատիկի պահեստի։

Այն վերաբացվել ու վերաօծվել է 1957 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ջանքերով և ձեռամբ Սահակ Արքեպիսկոպոս Փիրումյանի։ Եկեղեցու հոգեւոր հովիվ է նշանակվում Տեր Հակոբ ավագ քահանա Երանոսյանը։ Նրա մահից հետո եկեղեցու հոգեւոր հովիվ է նշանակվում որդին՝ Տեր Հակոբ Երկրորդ քահանան, ով պաշտոնավարել է մինչեւ 1988 թվականը։ 1988-1992 թվականներին եկեղեցու հոգեւոր հովիվ է նշանակվել Տեր Արամ ավագ քահանա Հունանյանը։ 1980-1986 թվականին եկեղեցում ընթացել են վերանարոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո օծվել է Սուրբ սեղանը ձեռամբ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի։
2013 թվականին, Տեր Հակոբ Երկրորդ քահանայի մահից հետո հոգեւոր հովիվ է նշանակվում Հայր Անդրանիկ աբեղան, ում մեկ տարի անց փոխարինել է Տեր Տարոն քահանա Հունանյանը։
2018 թվականին Տեր Տարոն քահանա Հունանյանի նախաձեռնությամբ ու Վարդենիս քաղաքի բնակիչ Վարդան Բուդոյանի հովանավարությամբ սկսվում է եկեղեցու զանգակատան վերակառուցումը, որն անավարտ էր մնացել ավելի քան մեկ դարի ընթացքում։ Զանգակատունը վեր է բարձրացել եկեղեցու արեւմտյան կողմում։ Զանգակատան գմբեթի վերնամասում լցվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Մացո Դանիելյանի կողմից Արեւմտյան Հայաստանի Դիադին քաղաքից բերված հողը, ապա տեղադրվել Խաչը։
2022 թվականից Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ է կագվել Տեր Հարություն քահանա Հունանյանը։
Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին մի անկրկնելի զարդ է Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանի մոտ, Մասրիկի լայնածավալ հարթավայրում, որ վեր է խոյանում որպես հայականությունը կրող ու պահպանող արժեք, ազգային հավատի սրբացած տուն։
Խոսրով Խլղաթյան