Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԵՂԵՌՆԻՑ  ԵՂԵՌՆ

 

Այս ջարդ-սպանդը, նախճիր-եռեռնը երեկ չսկսվեց

Ու ոչ էլ վաղն է այն ավարտվելու․․․

Պարույր Սեւակ  

 

Ապրողներս հերթական Ապրիլի 24-ը դիմավորում ենք  տխուր ու տագնապալի տրամադրությամբ, քանզի ոչ միայն խնկարկում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը, այլ նաեւ մտահոգ ենք մեր շուրջ ընթացող  պատերազմական իրադարձություններից ու դեռ ոչ մի կերպ չդադարող սպառնալիքներից։

Մարդասպանությունը շարունակում է մնալ մերօրյա քաղաքակիրթ կոչեցյալ աշխարհի օրակարգում, իսկ գերզարգացած, ռազմական հզորության գագաթնակետին հասած  երկրների առաջնորդները, ովքեր իրենց գահերին բազմել են ժողովրդավարական ընտրությունների արդյունքներով, մի կողմից իրենց ձեռքերը թաթախել են միլիոնավոր անմեղ մարդկանց արյան մեջ, իսկ մյուս կողմից, այդ նույն ոճրագործությունների դիմաց , խաղաղության մրցանակների արժանանալու հայտեր են ներկայացնում։

Քաղաքակիրթ, բայց արյունարբու, երկոտանի բորենիները հետզհետե ընդլայնում են պատերազմների շրջանակները, կիրառում ավելի ու ավելի մահաբեր զենքեր՝ մարդկությանը ուղղակիորեն կանգնեցնելով բնաջնջման սպառնալիքի  առաջ։

Մեր հոգու ցավը ոչ այնքան Հայոց ցեղասպանության ժխտումն է կամ մոռացության մատնումը, այլ դրա շարունակական ու ցավագին կրկնությունը, որի միջով անցնում ենք սերնդեսերունդ՝ այդպես էլ կառչած մնալով անզորության փեշերից։

Այո, մեր խնկարկումն ու աղոթքները վաղուց արդեն 1915-1923 թվականներին նահատակված, ցեղասպանված հայերի համար չեն, քանզի նրանց երթին արդեն գումարվել են անհաշիվ զոհեր, ովքեր Հայոց հայրենիքը շենացնելու փոխարեն հարյուր հազարներով ընկան երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում, տասնյակ հազարներով՝ Արցախյան գոյամարտում, ովքեր բարբարոսաբար հոշոտվեցին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ու Ադրբեջանի այլ քաղաքներում։

Մեր խնկարկումն ու աղոթքները նաեւ Բաքվի բանտերում հանիրավի դապատարտված ու անսանձ բռնությամբ պահվող մեր եղբայրների համար են, ովքեր խիզախել էին զենք վերցնել նույն բռնության դեմ ու ժամանակին բռնել մարդասպան հրեշների ձեռքերը։

Մեր խնկարկումն ու աղոթքները նաեւ մեր միլիոնավոր պանդուխտ քույրերի ու եղբայրների համար են, ովքեր ապրում են հայրենիքից հեռու՝ հարազատ հողի ու ջրի կանչն իրենց սրտերում, ապրում են օտարության մեջ՝ ազգային ինքնության կորստյան կլանող ճիրաններում։

Մեր խնկարկումն ու աղոթքները ազգային համերաշխության համար են, որպեսզի հայատյաց թշնամիները մեզ ոչ միակնթարթ չտեսնեն պառակտված ու իրարից խորթացած, իրար կոկորդ կրծելիս։

Մեր խնկարկումն ու աղոթքները մեզ ցեղասպանող հրեշների պատժի ու արդար դատաստանի համար են, մեր գլխին դամոկլյան սրի պես կախված սպառնալիքների չեզոքացման համար։

Վերջապես՝ մեր խնկարկումն ու աղոթքները Հայաստանի Հանրապետության հզորացման ու ծաղկման, ապահով ու խաղաղ Հայոց հայրենիք կերտելու համար են, որին այլեւս չեն հասնելու երեկվա ու այսօրվա հայատյաց, հայասպան ճիվաղների ձեռքերը։

Իհարկե,  Հայոց ցեղասպանությունը ժխտող հանցագործ երկրի տերերից, նրան ձայնակցող ու քաջալերող երկրների ղեկավարներից ու ժողովուրդներից առավել ու առաջինը մենք կուզեինք, որ նման հրեշավոր ոճրագործություն պատահած չլիներ մեզ հետ, որ միլիոնավոր հայեր տեղահանված չլինեին իրենց հայրենի բնօրրանից, որ նրանց մեծ մասը չբնաջնջվեին բռնագաղթի ճանապարհներին ու Տեր-Զորի ավազուտներում, որ հարյուր հազարավոր մարդիկ չսփռվեին աշխարհով մեկ ու չապրեին պանդուխտի, բռնի ձուլվողի եղկելի ճակատագրով։
Մենք շատ կուզեինք, որ Օսմանյան Թուրքիայի բանտերից ազատ արձակված մարդասպանները, չերքեզ ու քուրդ ոճրագործները կտրտած-քառատած չլինեին հայ գրողներ  Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սեւակին, Թլկատինցուն, Օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապին ու Վարդգես Սերինկուլյանին, Խաչատուր Ակնունուն, հարյուրավոր այլ  պայծառ մտավորականների, որ իրենց տների մեջ քուրդ, թուրք ու չերքեզ բաշիբողուկների ձեռքերով  չմորթվեին հայ անպաշտպան ծերերը, կանայք ու երեխաները, որ Օսմանյան բանակում ծառայող հայ տղամարդիկ հրացանազարկ արված չլինեին, որ չկործավեին մեր դպրոցներն ու եկեղեցիները, չպղծվեին մեր գերեզմանները, չթալանվեր այն ողջ ունեցվածքը, որ հայ ժողովուրդն իր ճակատի դառը քրտինքով ստեղծել էր դարեր շարունակ։

Մենք շատ կուզեինք, որ Խորհրդային Միության ներսում հայ մարդը միշտ հաշտ, խաղաղ ու երջանիկ ապրեր, որ եղած չլինեին Սումգայիթի, Բաքվի  ու մյուս քաղաքների եղեռնագործությունները, որ Ադրբեջանն Արցախի վրա քանիցս պատերազմներով չգար։

Մենք շատ կուզեինք, որ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Աղասի Խանջյանի, Դրաստամատ Տեր-Սիմոնյանի նման պայծառ դեմքերը բռնի մահով ու անգերեզման մեռած չլինեին, որ հարյուր հազարավոր երիտասարդներ Ռուսաստանի անծայրածիր ռազմաճակատներում զոհված չլինեին, որ մեր պապերը, հայրերը ու նաեւ մենք այսքան ցավ ու տառապանք շալակած չլինեինք։

Այո, մենք առաջինն ենք ուզում ձերբազատվել ցեղասպանության բարդույթից, նրա պատճառած անհամար տառապանքներից։  Բայց ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով։

Երբ թշնամին օրավուր բորբոքում է հայատյացության կրակը, երբ մեր ամեն մի շենում շիրմաքարերի պաղ ճակատներից մեզ են նայում մեր ազգի դահիճների ձեռքերով մատաղ հասակում շիրիմ իջած առյուծ տղաների հատու հայացքները, մենք ո՞ր իրավունքով, ի՞նչ հանգստությամբ պետք է ձերբազատվենք այդ արյունոտ պատմությունից, այդ ցավագին կորուստների հիշողություններից։

Չէ՞ որ  Հայոց ցեղասպանության մասին ոչ միայն խոսում են գրքերը, դասագրքերը, վավերագրերը, գրավոր կամ բանավոր հիշողությունները, այլ նաեւ մեր աչքի առջեւ, մեր ապրած ժամանակներում տեղի ունեցած արյունոտ, ողբերգական իրադարձությունները, որոնց արդյունքում ոչ միայն տասնյակ հազարավոր հերոսամարտիկների հուղարկավորեցինք, այլ նաեւ կորցրինք հազարամյակներով հայկականության  օրրան ու անառիկ բերդ հանդիսացող Արցախը։

Բայց դրանով էլ այդ ցեղասպանության էջը ոչ միայն փակված-ավարտված պատմություն չի դարձել, այլ, հակառակը, ավելի ցավատանջ իրողության մեջ է պահում հայրենիքում ապրող կամ աշխարհով մեկ սփռված բազմամիլիոն մի ողջ ազգի։ Իսկ Ցեղասպանությանը միայն ֆիզիկական մահով չի պայմանավորված․ այն ավելի շատ կեղեքում է ապրողներիս հոգու աշխարհը, որն անզորությունից այժմ ճչում է նենգ ու հրեշավոր թշնամու անմարդկային, հրեշավոր ու դաժան արարքներից։ Հիմա Մեր հողի ու արյան բազմադարյան ոսոխը, Չարենցի բնութագրմամբ՝ «Հավերժական հիվանդը», Արցախում գրոհի է անցել հայկական մշակույթի, գրերի, վանքերի ու եկեղեցիների, դպրոցների, թանգարանների, փառքի անկյունների, շիրիմների ու շիրմաքարերի, պանթեոնների դեմ՝ փորձելով ժամ ու վայրկյան առաջ բնաջնջել այն ամենը, ինչը հայկականության հետք է հիշեցնում։

Դժվարանում եմ ասել, թե որքան ժամանակ կպահանջվի հրեշներից՝ Արցախից հայկականության հետքերը ջնջելու համար, բայց գիտեմ հաստատ, որ նրանց համար դա օրերի կամ տարիների գործ չի լինելու, գիտեմ հաստատ, որ նրանք մի օր հատուցելու են իրենց ստոր արարքների համար, ինչպես որ մեկ անգամ հատուցեցին ոչ վաղ անցյալում։

Հերթական ապրիլի 24-ին ընդառաջ նրանք հողին են հավասարեցրել Ստեփանակերտի Մայր տաճարը, մեկ անգամ եւս փաստելով, որ ոչ մի պարագայում չեն հրաժարվելու «աշխարհում թանգարանի համար մեկ հայ թողնելու» գաղափարից։ Այո, նրանք սարսափում են ոչ միայն մեր ֆիզիկական գոյությունից, այլ նաեւ մեր հոգեւոր ներկայությունից, որի գոյությունն ու զորությունը օրերից մի օր անպարտելի ուժով կանգնելու է իրենց  հայասպան ծրագրերի ճանապարհին ու հատուցում է պահանջելու ամեն մի ոճրագործության դիմաց։

Եվ աշխարհն ամեն օր ու ամեն ժամ ոչ միայն  տեսնում է այդ ցեղասպանությունը, այլ նաեւ իր քար անտարբերությամբ մասնակից է բոլոր ոճրագործություններին՝ լինի դա ֆիզիկական թե հոգեւոր ցեղասպանություն։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են բազմաթիվ խոշոր ու մանր երկրներ, շատ երկրներ էլ դեռ, գիտակցաբար, թե անգիտորեն, լռում են։

Ամեն դեպքում, սակայն, դրանից շատ բան չի փոխվում, քանի որ նույնիսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներ, ոչ միայն չպաշտպանեցին հայ ժողովրդին նոր արհավիրքից, այլ նաեւ ակամայից մեղսակից դարձան Արցախի Հանրապետության կործանմանն ու հարյուր հազարից ավելի հայ մարդկանց հայրենազրկմանը՝ ստոր առեւտրի մեջ մտնելով մարդասպան ու հայասպան երկրների հետ։

Իսկ այդ երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, աշխարհը շարունակում են պահել պատերազմների կիզակետում՝ կործանման սպառնալիքների տակ պահելով մոլորակի մարդկությանը։ Նրանք բերել են հրթիռային պատերազմների դարը, որտեղ արդեն անզոր են մարդկային խիզախությունը, հնարամտությունն ու անձնազոհությունը, որտեղ փոխվել է պատերազմական օրենքների տրամաբանությունը, որտեղ խաղաղության մասին խոսելն էլ է դարձել պատրանք։

Ու թալանչիական այդ պատերազմները մղվում են ճանապարհների, հանքերի, ազդեցության գոտիների բաժանման համար։ Իսկ նման պատերազմների մեջ փոքր ազգերի ճակատագիրը շատ ավելի ողբերգական է դառնում ճիշտ այնպես, ինչպես եղել էր, եղավ ու կա նաեւ մեր պարագայում։

Հայ ժողովրդի անմեղ արյան մեջ, ցավոք, իրենց ձեռքերը միայն թուրք դահիճները չեն թաթախել։ Արյունոտ այդ խրախճանքներին մասնակցել են քրդերն ու Կովկասից Թուրքիա տեղափոխված չերքեզները, գերմանացի զինվորականները, ովքեր Առաջին աշխարհամարտի տարիներին ծառայություն են իրականացրել Թուրքիայում։ Ցեղասպանության գործադրմանը նպաստել է նաեւ Գերմանիայի հանցավոր կառավարությունը, որը թեւավորել, զինել  ու զորակցել է թուրքերին։

Ցեղասպանության գործն առավել դյուրացրել է ցարական Ռուսաստանի կառավարությունն՝ իր զինվորական հրամանատարության հետ՝ կազմակերպելով անհարկի, ոչնչով չհիմնավորված  նահանջներ Արեւմտյան Հայաստանի գրավյալ տարածքներից ու հայ ժողովրդին մենակ թողնելով նրա դահիճների կործանարար բանակների առաջ։ Ցարական Ռուսաստանի մեղսակցությանը գումարվեց արդեն բոլշեւիկյան Ռուսաստանի հայակեր քաղաքականությունը, որը ոչ միայն սկուտեղի վրա թուրքերին մատուցեց զենքի ուժով ազատագրված ողջ Արեւմտյան Հայաստանը, այլ նաեւ Արեւելյան Հայաստանի տարածքների կեսից ավելին՝ Կարսը, Սարիղամիշը, Սուրմալուն, Նախիջեւանն ու Արցախը։

Քանիցս արդեն ապացուցվում է, դարավոր թշնամության մեջ ապրող թուրքն ու ռուսը շատ արագ բարեկամանում են, երբ խոսքը վերաբերում է հայկական պետականության կայացմանն ու ամրապնդմանը։ Ու այդ կեղծավոր, հրեշավոր բարեկամության արգասիքը հենց եղավ Արցախի կործանումն ու հայաթափումը։

Իրոք, անթիվ-անհամար են մեր ազգային ողբերգության մեղավորները, որոնք մեղա չեն եկել ու չեն էլ գալու։ Իսկ այդ անհամար ողբերգություններում արդյո՞ք մենք որեւէ տեղ, որեւէ կերպ ու որեւէ ժամանակ մեղավոր չենք։ Արդյո՞ք մենք մեր այլասիրությամբ, պատրանքային խաղաղասիրությամբ, պառակտվածությամբ, ագահությամբ ու նյութապաշտությամբ, ինքնախաբեությամբ, չարափառությամբ ու սնափառությամբ մեր տան դռները չենք բացել  արհավիրքների առաջ, հայակործան դահիճների ու արյունախում, ավարառու ազգերի առաջ։

Դավաճանների անուններ ե՞ք փնտրում՝ մեր պատմագրության մեջ նրանք քիչ չեն, ազգուրացների՞ եք որոնում՝ նրանց պակաս էլ չկա։ Իսկ ի՞նչ կգրի մեր պատմագրությունը նորագույն ժամանակների մասին, երբ խոսքը գնա նորաանկախ Հայաստանի տնտեսության ու գիտական կառույցների փոշիացման, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ու քաղաքական բազմաթիվ սպանությունների մասին, որոնք, որքան էլ եղել են օտարների դրդմամբ, նույնքան ու առավել էլ՝ հայ մարդկանց ձեռքերով։

Ու այսպես էլ, եղեռնից եղեռն անցնելով բազմաթիվ դարերի միջով, մեկ անգամ գոնե չենք հասցնում մտածել ազգային արժեքների,   նպատակների ու իղձերի շուրջ համախմբվելու, ազգային համերաշխության մեջ ապրելու մասին։ Գոնե չենք գիտակցում, որ մեր թշնամու համար բոլորս էլ ոչնչացման ենթակա նույն մարդիկ ենք, որոնց միակ մեղքը եղել է ու կա միմիայն հայ ծնվելը։

Իսկ ցեղասպանության էջը մեկընդմիշտ փակելու համար հիմա մեզ այլ ճանապարհ չկա, բացի միմյանց հանդեպ անկեղծ ու հանդուրժող  լինելուց եւ հայոց պետականության շուրջ համախմբվելուց, հայրենիքին անձնուրաց նվիրվելուց, հայրենի արժեքները հոգով ու սրտով փայփայելուց, հզորանալուց, ընկած տեղից հաստատապես ու ամուր բարձրանալուց ու ոտքի կանգնելուց, մեր միտքն ու բազուկը զինելուց։

Միայն այդ դեպքում մենք զերծ կլինենք հետագա ազգակործան արհավիրքներից, միայն այդ դեպքում կապրենք լիակատար խաղաղության մեջ՝ հեռու վրիժառության նսեմ ու կեղեքող զգացումից, ատելությունից ու թշնամանքից, որը միշտ հաջողում են ցանել մեր շորջբոլորը ։

Մեր անմեղ նահատակների հիշատակը, մեզ բաժին հասած անլուր ողբերգությունները ոչ թե թեւաթափ պիտի անեն մեզ, այլ, հակառակը, պետք է դարձնեն ավելի ուժեղ, տոկուն, եռանդով ու պայքարի կամքով լի, անվեհեր, վճռական, խելամիտ ու իրատեսական վճիռներ ընդունող, այդ ողբերգություններից ճշգրիտ դասեր քաղող։

Այս ապրիլի 24-ին կհաջորդեն նոր, տասնյակ ու հարյուրավոր ապրիլքսանչորսներ, բայց հայոց վերքերը ոչ մի ժամանակ չեն սպիանա, քանի դեռ չենք հասել արդարության հաղթանակի մեր հանգրվանին։

Խոսրով   Խլղաթյան       

 

39 դիտում