
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ, զբոսայգի և բացօթյա բեմ։
Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Թթուջուր գյուղի բազմաֆունկիոնալ մարզահրապարակի և զբոսայգու կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 60 միլիոն դրամ, որից 30 միլիոն դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 30 միլիոն դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Բազմաֆունկիոնալ մարզահրապարակը և զբոսայգին կառուցվելու են Թթուջրի կենտրոնական հատվածում, նախկին մշակույթի տան դիմացի տարածքում։
Ծրագրի իրականացման արդյունքում Թթուջրի երեխաները կունենան ժամանակակից մարզահրապարակ, մարզվելու, ժամանցի ու միջոցառումների անցկացման հնարավորություն։
«Այժմ նախագիծը գտնվում է փորձաքննության փուլում, որի ավարտից հետո, աեմանյն հավանականությամբ այս ամսի ընթացքում, կհայտարարվի շինարարության մրցույթ, որի արդյունքների ամփոփումից հետո կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը»,-տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ