Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ցանկապատվում է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի խաղահրապարակը  

Օրերս սկսվել և ընթանում են Գեղարքունիքի մարզի  Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի խաղահրապարակի ցանկապատման աշխատանքները:

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  համայնքի բյուջեից ցանկապատման աշխատանքների իրականացման համար տրամադրվել է 4 միլիոն 800 հազար  դրամ:

Ցանկապատի ընդհանուր երկարությունը 90 գծամետր է,  տեղադրվելու է նաև մետաղական դարպաս:

«Ձեռնարկը սպասված էր և Նորաշեն բնակավայրի այս տարվա առաջնահերթություն ներկայացնող ծրագրերի ցանկում էր:

Ցանկապատումը հնարավորություն կտա՝ խաղահրապարակը դարձնել անվտանգ՝ ստեղծելով ամբողջական միջավայր: Տեղեկացնենք, որ համայնքի և ՅՈՒՆՍԻԵՖ-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ Նորաշեն բնակավայրում գործում է նախադպրոցական այլընտրանքային ծառայություն, որը բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծել է բարենպաստ միջավայր` տարիքին համապատասխան կրթություն և դաստիարակություն ստանալու համար:

Նորաշենցի փոքրիկների առօրյան առավել հագեցած դարձնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, տարածքում դեռևս տարիներ առաջ տեղադրել էր բակային խաղամիջոցներ, որի շնորհիվ ոչ միայն նախակրթարանի, այլ նաև բնակավայրի երեխաների ազատ ժամանցն ու առողջ ապրելակերպին միտված միջոցառումները դարձել են առավել հետաքրքիր և հագեցած:

Ցանկապատի կառուցումն էլ կատարված աշխատանքների օրգանական շարունակությունն է, որին հանձնառու էր դարձել Սևանի համայնքապետարանը, և որը դառնում է համայնքապահպան կոնկրետ ծրագիր»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Գեղամա աշխարհ

1 դիտում