
Ապրիլի 24-ի առավոտյան ժամերից Գեղարքունիքի մարզի համայնքների բնակավայրերում մարդկային բազմամարդ երթերն ուղղվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձաններ, պանթեոններ ու հուշահամալիրներ, եկեղեցիներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անդամները, Գավառ հանայնքի ղեկավարի տեղակալները և համայնքապետարանի աշխատակիցները, Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, Գավառի կրթամշակութային հիմնարկների ներկայացուցիչները, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը, Գեղրաքունյաց թեմի հոգեւոր դասի անդամները, բազմաթիվ անհատ քաղաքացիներ ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին Գավառ քաղաքի զբոսայգում՝ Հայրենիքի համար նահատակված հերոսների պանթեոն հուշահամալիրում՝ ի հիշատակ և ի խոնարհում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։
Ծաղկեդրումից հետո Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված բարեխոսության կարգ կատարեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը՝ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի աղոթակցությամբ։
Վարդենիս, Սևան, Մարտունի և Ճամբարակ համայնքներում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված հիշատակի ու ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել համայնքի ղեկավարների, համայնքապետարանների աշխատակիցների, կրթամշակութային հաստատությունների, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենում նաև մարզի կրթամշակութային հաստատություններում։
Գեղամա աշխարհ