Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԻՆՉ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԶՈԼԱՔԱՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԽԱՉՔԱՐԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ

   
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի կենտրոնական մասում է գտնվում Հայաստանի ամենաբարձր խաչքարը, որի բարձրությունը գետնից կազմում է մոտ չորս մետր։ Այն նաեւ սնկաձեւ է, այդիսկ պատճառով էլ ներքեւի մասում ունի 1 մետր 30 սանտիմետր լայնություն, սակայն վերեւի մասում արդեն ավելանում է մոտ 10 սանտիմետրով։
Խաչքարը կերտվել է 13-րդ դարում։ Թեեւ նրա կերտման ստույգ թվականն արձանագրված չէ, սակայն մասնագետներն այդպես են կարծում՝ դատելով խաչքարի կերտման ոճական առանձնահատկություններից։
Ամեն դեպքում, հայ ականավոր հնագետ, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանն իր «Դիվան հայ վիմագրության» աշխատության Զոլաքար գյուղի բաժնում այդպես էլ առանձնահատուկ նշում է, որ չափերով բացառիկ, գեղաքանդակ այս խաչքարը վիմագրություն չունի։ Սակայն ամենասովորական աչքով էլ խաչքարի թիկունքին ու ճակատի ներքին հատվածում նկատելի է արձանագրությունը, ընդ որում, գծված 12 տողերի վրա, որին Բարխուդարյանն ընդհանրապես չի անդրադարձել։ Ամենայն հավանականությամբ, ոչ թե հնագետը չի նկատել արձանագրությունը, այլ տեքստին կարեւորություն չի տվել՝ ելնելով խաչքարի կերտման ու արձանագրության կազմման դարաշրջանների խիստ անհամատեղելիությունից։
Բանն այն է, որ Հայաստանի ամենաբարձր խաչքարը կերտվել է 1200-ական թվականներին, Զաքարյան տիրապետության շրջանում, իսկ ահա նրա թիկունքին եղած գիրը գրվել է 1880 թվականին, ավելի քան 6 դար հեռավորությամբ։ Գրի բովանդակությանն անդրադարձել է պատմական գիտությունների թեկնածու, վիմագրագետ Արսեն Հարությունյանն իր հեղինակած «ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ» աշխատության մեջ։
Ահա թե ինչ է բովանդակում այդ արձանագրությունը․ «ԱՐԴԷՆ ԳՐԱԾԻՑՍ[Տ] ԱՌԱՋ ԿԱՐ ԽԱՉՍ. / ԱՄԻ ՀԱԶԱՐ ՈՒԹ ՀԱՐԻՒՐ ՈՒԹՍ/ՈՒՆԻՆ / ԵՐԿԻՐՍ ԵՂԵՒ ՍԱՍՏԻԿ ԹԱՆԿՈՒ/ԹԻՒՆ, / ԵՕԹ ՄԱՆԷԹ ԾԱԽՎԵՑ ՄԻ ՓՈՒԴ ՑՈ/ՐԵՆ, / ԳԱՐՈՒ ԼԻՏՐ ՄԱՆԷԹ ԱՐԺՕՂՈՒԹԻՒՆ, / ԽՈՏԻ, ԴԱՐՄԱՆԻ ՓՈՒԴ՝ ՉՈՐՍ ՄԱՆԷԹ, / ՀԱԶԻՒ ԿԱՐԱՑԱՆՔ ԱՌՆԵԼ, ԹԷՊԷ/Տ / ԵՂԻՑԻ ԳԻՐՍ ԸՆԹԵՐՁՕՂԻՆ ԶԴԷՏ, / Ի ԼԻ ԺԱՄՈՒՄ ԵՂԻՑԻ ԱՆԴԷՏ, / ՉԸՊԱԿԱՍԵՑՆԷ ՀԱՑ ԱՄԷՆ ԴԷՊ, / ՏԷՐ ՎԱՀԱՆ ՍԱՐԳԻՍՕՎ ԳՐԱ/ԳԷՏ / ՄԱԿԱՆՈՒԱՆԲ / ԲԱՐԷՊԱՇՏ ԱԼԷՔՍԱՆԴՐ ԹԱԳԱՒՈՐ / ԱԶԱՏԵՑ ՍՈՎԻՑ ԱՇԽԱՐՀՍ ԲՈԼՈՐ»:
«Նախ ուշագրավ է մասամբ չափածո վիմագրի առաջին տողը, որով գրիչը, որը, ըստ ամենայնի, Գրագետ մականվամբ Վահան Սարգիսովն է, ընթերցողին ծանուցում է խաչքար-կոթողի և իր փորագրած վիմագրի տարաժամանակյա լինելու մասին, այն է՝ վիմագիրը կազմելուց առաջ խաչը (խաչքարը) արդեն կար: Միաժամանակ գրիչը ցանկանում է, որ նեղ օրերին իր գիրն ընթերցողին «դետ», այսինքն՝ դիտելի, իսկ առատ ժամանակներում «անդետ» լինի (դիտող, կարդացող չունեցող), և հացը երբեք չպակասի: Բացի ցորենի, հետևաբար նաև հացի թանկության մասին հիշատակությունից՝ վիմագրում նշվում է նաև գարու, խոտի ու դարմանի (հարդի) գնաճի մասին, և եթե ցորենի փութն այստեղ տասի փոխարեն յոթ, ապա գարու լիտրը՝ մեկ, իսկ խոտի ու դարմանի փութը չորս մանեթ էր: Սա վավերացվում է նաև «Մշակ»-ի համաժամանակյա մի հաղորդագրությամբ, ըստ որի՝ Նոր Բայազետում սաստիկ թանկացումներ են եղել. «….ալիւրի պուդը, որ առաջ ծախվում էր 50 կօպէկով, այժմ արժէ 2 ր. 60 կ. և բարձր»: Այս հիշատակությունը հստակ պարզում է գնաճի չափը, այն է՝ մեկ փութը նախկին հիսուն կոպեկի փոխարեն դարձել էր յոթ մանեթ: Վիմագիրն ամբողջացվում է ռուսաց Ալեքսանդր Բ կայսեր (1855-1881) կողմից երկրի՝ սովից ազատման մասին հիշատակմամբ: Այն, որ հացի սղության ու թանկության պատճառը նաև եղանակային անոմալ երևույթներն էին, վերահաստատում են դարձյալ մամուլի հաղորդագրությունները: Այսպես՝ 1882 թ. ապրիլի 2-ին Նոր Բայազետից հայտնում էին, որ տակավին ցուրտ է, ձյունն ու բքաբեր քամիները՝ անպակաս, Սևանա լիճը դեռ սառած է, ձկնորսությունը՝ խափանված, իսկ «երկրագործները դեռ ոչինչ գործ չեն սկսել, ո՛չ ցանել, ո՛չ էլ հերկել են: Բայց դարձեալ նրանք յուսով ապրում են, վասն զի սոցա ցանք անելու ժամանակը կարող է լինել մինչև մայիսի սկիզբները»: Կամ՝ 1883 թ. սեպտեմբերին դարձյալ Նոր Բայազետից գրում էին, որ «եղանակը շատ վատ է այստեղ. ամեն օր շարունակ բաւական անձրև է թափվում և խեղճ հողագործների ցորեն և գարի կալսելը այս պատճառով յետաձգվում է օրից օր»: Իսկ 1895 թ. հունվարի 18-ին Նոր Բայազետից գրում էին, որ «մինչև այժմ այստեղ ձիւն չէ եկել և շատ չոր եղանակ է անում, որը շատ վնաս է աշնանացան արտերին: Բացի դրանից, ձիւն չը գալու պատճառով ամառը սարերում ջուր չի լինի անասունների խմելու համար, քանի որ մեր սարերում, ջուր չը լինելու պատճառով անասունները ջուր են խմում հալվող ձիւնից գոյացած լճակներում. եթէ այսպէս շարունակվի, թէ արտերի բոյսը և թէ արտերը վատ կը լինեն»: 1916 թ. հունվարի 9-ի նամակում նշվում է դարձյալ Նոր Բայազետում գրանցված տարօրինակ եղանակային պայմանների մասին»,-գրում է Արսեն Հարությունյանը։
Հայաստանի ամենաբարձր խաչքարը, որը կրում է Զոլախաչ կամ Զորախաչ անունը, թեեւ գտնվում է փոքր գերեզմանոցի տարածքում, բայց կարող էր նաեւ կերտված լինել ոչ թե գերեզմանաքարի, այլ ավելի շատ Պահապան խաչի զորության նպատակով։
Ինչ խոսք, անճաշակ, կիսագրագետ արձանագրությունը մի տեսակ ստվեր է գցում խաչքարի վեհության ու նշանակության վրա, սակայն եղածն էլ մի պատմության փաստագրում է, 1877-1878 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմական դժվարին ժամանակաշրջանի պատմության, որի միջով անցել են մեր նախնիները և իրենց տրտունջն ու բողոքն արտահայտել շատ ավելի հեռավոր դարում կերտված հրաշակոթողին՝ այն պահ տալով հետագա ժամանակներին։
Խոսրով Խլղաթյան
2 դիտում