
Ռեյ Բրեդբերիի ‹‹Ժպիտը›› պատմվածքն ինձ ստիպեց լուրջ մտածել այն մասին, թե ինչ է սպասվում մարդկությանը, եթե կորցնենք մեր հոգևոր արժեքները:
Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում ապագայում, բայց այն, ինչ կատարվում է հերոսների հետ, շատ արդիական է այսօր:
Կարդալով պատմվածքը` ես հասկացա, որ հեղինակը փորձում է նկարագրել մի հասարակություն, որը հիասթափված է քաղաքակրթությունից և փորձում է վրեժ լուծել անցյալից: Մարդիկ ատում են ամեն ինչ` մեքենաները, գրքերը, արվեստը, որովհետև դրանք իրենց հիշեցնում են կորուստների մասին: Ինձ համար շատ տպավորիչ ու միևնույն ժամանակ` ցավալի էր այն տեսարանը, թե ինչպես էր ամբոխը հերթ կանգնել, որպեսզի ոչնչացնի Լեոնարդո դա Վինչիի հանճարեղ կտավը` ‹‹Մոնա Լիզա››-ն:
Սակայն փոքրիկ Թոմի կերպարը փոխեց ամբողջ պատմվածքի տրամադրությունը: Նա միակն էր, ով չկարողացավ թքել նկարի վրա, որովհետև նրա սիրտը զգում էր այդտեղ թաքնված գեղեցկությունը: Հենց Թոմի միջոցով ես հասկացա հեղինակի գլխավոր ասելիքը. անգամ ամենամութ ժամանակներում կգտնվի մի ‹‹զգայուն հոգի››, որը կփրկի աշխարհը:
Այն դրվագը, երբ Թոմը թաքցնում է կտավի մի կտորը և տեսնում Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը, ինձ հուշեց, որ արվեստը հավերժ է:
Մարդիկ կարող են քանդել շենքեր կամ մեքենաներ, բայց նրանք չեն կարող ոչնչացնել այն լույսն ու հույսը, որը տալիս է մեզ գեղեցկությունը:
Այսպիսով` պատմվածքն ինձ սովորեցրեց, որ մարդ մնալու համար պետք է կարողանալ սիրել և պահպանել այն արժեքները, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում: Թոմի բռունցքում սեղմված ‹‹ժպիտը›› ինձ համար դարձավ ապագայի հանդեպ հավատի խորհրդանիշ:
Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան
№1 հիմնական դպրոց
Նարե Սիմոնյան
(8-րդ դասարան)