
Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգային հարցերը ավագանու անդամների կողմից հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ Մարիանա Ռաֆայելյանը տեղեկատվություն է ներկայացրել է համայնքի 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ:
Ըստ զեկուցողի՝ տեղական բյուջեի կատարողականը 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 109,6 տոկոս , առկա է 58 միլիոն 160 հազար դրամի չափով եկամուտների գերակատարում։
Ավագանին հաստատել է Սևան համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ ընդունելով համապատասխան որոշում:
Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ է կատարել համայնքում աղբահանության դիմաց գանձվող վարձավճարներին:
Համայնքի ղեկավարը միաժամանակ նշել է, որ, պայմանավորված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներով, աղբահանության վարձավճարների բարձրացում ընթացիկ տարում ևս չի կատարվել, սակայն բնակիչներն էլ պետք է ցուցաբերեն պատասխանատու վերաբերմունք և ժամանակին վճարեն աղբահանության դիմաց գանձվող վճարները:
Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերը զեկուցվել են աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Մեսրոպ Մկրտչյանի և աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանի կողմից:
Քննարկմանը ներկայացված մի շարք դիմումներ ստացել են սպառիչ պատասխաններ՝ համապատասխան որոշումների ընդունմամբ, որոշ դիմումներ էլ խմբակցություններում լրացուցիչ քննարկումներից հետո կներկայացվեն ավագանու հաջորդ նիստին:
Հերթական նիստն ամփոփելիս Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ է կատարել Սևան համայնքում մեկնարկող սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերին:
Գեղամա աշխարհ